Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ Վաշինգտոնն ու նրա եվրոպական դաշնակիցներն Իրանից պահանջելու են ապամոնտաժել ոչ վաղ անցյալում խոր գետնի տակ կառուցված Ֆորդոուի միջուկային օբյեկտը: Դա լինելու է առաջիկայում Իրանի ու «Վեցյակի» միջև կայանալիք բանակցությունների հիմնական քննարկման առարկաներից մեկը:
Բացի այդ, արևմտյան երկրները մտադիր են պահանջել բարձր հարստացված ուրանի, որը ծառայում է որպես միջուկային ռեակտորների վառելիք, արտադրության դադարեցում և այդ վառելիքի պաշարների՝ Իրանի տարածքից դուրսբերում:
Հիշեցնենք, որ Իրանը համաձայնել է ապրիլի 13-14-ը «Վեցյակի» հետ բանակցությունները Ստամբուլում անցկացնելու տարբերակին, սակայն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե դա դեռ հաստատված չէ:







































