Գազի սպառման ծավալների փոփոխությունը ստուգելու այլընտրանքային աղբյուր չկա. տվյալները հենց «Հայռուսգազարդ» ընկերությունն է տրամադրում Ազգային վիճակագրական ծառայությանը: «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության խորհրդի անդամ, համակարգող տնտեսագետ Մովսես Արիստակեսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ անցած տարվա համեմատ այս տարի բնակչությունը գրեթե 1.5-2 անգամ ավելի շատ են վճարել գազի դիմաց, բայց շատ սպառելու հետ մեկտեղ օգտակար գործողության գործակիցն ավելի ցածր է եղել: Նրա կարծիքով՝ մատակարար ընկերությունը պայմանագիրը խախտում է և անհրաժեշտ որակի գազ չի մատակարարում, իսկ քաղաքացին վճարում է այնքան, որքան սահմանել է ՀԾԿՀ-ն:
Մ. Արիստակեսյանի խոսքով՝ քաղաքացիական համագործակցության ցանցի ոլորտային խմբի քննարկման ժամանակ այդ հարցը բարձրացվել է, նամակ է պատրաստվել, որը կուղարկվի ՀԾԿՀ և էկոնոմիկայի նախարարություն, որ գները սահմանվում են առանց հաշվի առնելու սպառողի կարծիքը, և վերջինս չի կարող վերահսկողություն կատարել գների վրա, իսկ դա օրենքի խախտում է: «ՀԾԿՀ-ն ելնում է միայն մենաշնորհատերերի շահերից»,- նշեց տնտեսագետը:
ԱՎԾ տվյալները, որ 2012 թ. հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գազի արտադրությունն ընդամենը 0.7 %-ով է ավելի եղել, Մ. Արիստակեսյանը որակեց որպես աչքակապություն՝ ելնելով բիզնես շահերից: «Համադրելով այն տվյալը, որ 1000 խ/մ գազը սահմանին 209 դոլար է՝ հայտարարված 180-ի փոխարեն, սպառումը փորձում են քիչ ցույց տալ, որ շահույթը կարգավորեն»:










































