ԱԺ «Ժառանգության» պատգամավոր, թիվ 6 ընտրատարածքում մեծամասնականով պատգամավորության թեկնածու առաջադրված Արմեն Մարտիրոսյանը կուսակցությունների կողմից բաժանվող ընտրակաշառքի տարբեր չափերի, տարատեսակ ձևերի մասին է լսել ու ականատես եղել: Բացի իր առաջադրված ընտրատարածքից` պատգամավորն արդեն տեղեկություններ ունի նաև այլ ընտրատարածքներում գումար բաժանելու, տարբեր ապրանքներ, ծառայություններ մատուցելու և այլ տարատեսակ ընտրական տեխնոլոգիաների մասին:
«Ընտրատարածքներ կան, որ գիտեմ` մինչև 25 հազար դրամ են առաջարկում: Նույնիսկ տեղ կա, ասում են` համաձայնության են եկել, 8000 են բաժանում: Այսպես ասած`գինը չեն բարձրացնում: Ընտրողները կոալիցիայի ներկայացուցիչների կողմից գումար են ստանում, ձվեր են բաժանվում, նույնիսկ լսել եմ, որ ձվերը փչացած են եղել, հետ են բերել: Մի հատ էլ կրկնակի են ստորացնում մարդկանց իրենց փչացած ձվերով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ա. Մարտիրոսյանը:
Այսօրվանից օրենքով սահմանված կարգով սկսվում է պաշտոնական քարոզարշավը: Մեր զրուցակիցն ասաց, թե քանի որ քարոզարշավի մեկնարկի օրը համընկել է Հարության տոնի հետ, ինքը քարոզարշավը կսկսի երկուշաբթի օրվանից:
Հիշեցնենք, որ թիվ 6 ընտրատարածքում Արմեն Մարտիրոսյանը ընտրապայքարի մեջ կմտնի ԲՀԿ-ի առաջադրած թեկնածու Վահան Կարապետյանի, Հանրապետականից` Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Ռուբեն Հովսեփյանի և ՀԱԿ-ից` Ավետ Պողոսյանի հետ:
Հարցին`եթե ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն որոշեն, որ ընտրախախտումների են գնում, հնարավո՞ր է, որ ինքն ու մյուս ընդդիմադիր ուժի ներկայացուցիչը միասնական ճակատով, ասենք` վստահված անձանց միջոցով, փորձեն պայքարել, «Ժառանգության» պատգամավոր Ա. Մարտիրոսյանը պատասխանեց. «Հնարավոր է: Տեսականորեն ոչինչ չի բացառվում: Կարծում եմ, որ տեղամասը ոչ միայն մեծամասնականի, այլև համամասնականի համար է: Մյուսկողմից, ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև էլ մրցակցություն կա, թե ով կարող է ավելի շատ վարչական ռեսուրս, ֆինանսական միջոցներ օգտագործել օրենքից դուրս: Այնպես որ` իրենց միջև էլ մրցակցություն կլինի, և չեմ կարծում, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն պայմանավորվեն իրար հետ»:
Թեկնածուից հետաքրքրվեցինք նաև` քարոզարշավի ընթացքում ակնկալո՞ւմ է ընտրապայքարի հավասար պայմաններ հեռուստաեթերում: «Ցավոք սրտի, մեծամասնական թեկնածուներն անվճար ժամանակ չունեն գովազդի համար, ուստի մնում է միայն վճարովին, վճարովին էլ ընթացքում պարզ կդառնա` կօգտագործե՞նք, թե՞ ոչ: Կախված է նրանից, թե քաղաքացիները ֆինանսական աջակցություն կցուցաբերե՞ն նախընտրական քարոզարշավին, թե՞ ոչ: Մնացածը իմ հնարավորությունների շրջանակում կիրականացնեմ. նկատի ունեմ բուկլետները, ցուցապաստառները և այլն»,- եղավ պատասխանը:









































