Աջափնյակ թաղամասի ՀԱԿ գրասենյակից ահազանգում են ընտրացուցակների անճշտությունների մասին:
Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ, ՀԱԿ համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու Գևորգ Գևորգյանը, ընտրողների ռեգիստրում իրենց ուսումնասիրություններն աղաղակող փաստեր են հայտնաբերել:
Ըստ նրա` ցուցակներում ներգրավված են մահացած մարդկանց անուններ, շենքեր կան, որոնք քանդված են, սակայն գրանցված անուն-ազգանուններ կան, կան զինծառայողների, դատապարտյալների անուններ: «Բնակարաններ կան, որտեղ գրանցված են բազմաթիվ մարդիկ, որն աբսուրդ է. 100 մարդ մեկ բնակարանի վրա կարող է գրանցված լինել, որն աբսուրդ է»,- նկատեց Գ. Գևորգյանը` շարունակելով, որ Շինարարներ-Արզումանյան փողոցների խաչմերուկում կա քանդված շենք, բայց այդտեղ կան գրանցված մարդիկ, մարդիկ ապրում են այդ հասցեում, սակայն իրենց բնակարանի թիվը չկա գրված ցուցակում:
Նրա խոսքով` այսպիսի օրինակներն Աջափնյակ համայնքում չափազանց շատ են: Գևորգ Գևորգյանն ասաց, որ դեռ այս փաստերը հավաքագրվում են, իսկ հետագա գործողությունները հայտնի կդառնան, երբ դա քննարկեն Աջափնյակում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուի հետ:











































