ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Գալվեստոն քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է 16-ամյա մի դեռահասի, որն իրենից տարիքով մեծ երկու անձանց հետ փորձել է ապօրինի մտնել էքսկուրսիաների համար նախատեսված ավտոբուս: Երիտասարդին, որը ոստիկանությունում «պարող օրինազանց» մականուն է ստացել, հնարավոր է եղել ձերբակալել, որովհետև նա իր հեղինակային պարն է պարել հենց ոստիկանների ներկայությամբ:
Միջադեպը տեղի է ունեցել մարտի վերջին, երբ դեռահասը և երկու տղամարդ բարձրացել են ավտոբուս: Ավտոբուսի ներսում խումբը կրակմարիչ է գտել և փրփուր լցրել ավտոբուսի ամբողջ սրահում: Դրանից հետո օրինախախտները կրակմարիչը տարել են իրենց հետ:
Դեպքի հետաքննության ժամանակ օգտագործվել են արտաքին հսկողության տեսախցիկների տեսագրությունները: Դրանցից մեկը նկարահանել էր, թե ինչպես է օրինախախտներից ամենաերիտասարդը պարում: Նա պարել է կարգազանցությունից մի քանի րոպե առաջ:
Այս դեպքից մի քանի օր անց ոստիկանները նկատել են մի երիտասարդի, որը պարային նույն շարժումներն էր անում, ինչ ավտոբուսի պարողը և ձերբակալել են նրան: Մոտ օրերս նրան և նրա երկու համախոհներին մեղադրանք կներկայացվի:











































