ԿԺԴՀ պետք է անսա միջազգային հանրության կոչերին և հետաձգի եկող շաբաթ նախատեսված արբանյակի արձակումը: Այսօր Նինբո չինական քաղաքում նման միասնական համաձայնության են եկել Ճապոնիայի արտգործնախարար Կոիտիրո Գեմբան և Հարավային Կորեայի արտգործնախարար Կիմ Սոն Խվան:
«Արբանյակի արձակումը կդառնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հռչակագրի խախտում,- հայտարարել է Կիմ Սոն Խվանը: – Մենք գտնում ենք, որ Փհենյանը պետք է անսա միջազգային հանրության միասնական կարծիքին և հետաձգի արբանյակի արձակումը»:
Կողմերը համաձայնել են նաև, որ միջոցներ ձեռք կառնեն ԿԺԴՀ-ի դեմ, եթե վերջինս փորձի իրագործել իր ծրագրերը:
Կիրակի օրը Ճապոնիայի և Հարավային Կորեայի արտգործնախարարները Չինաստանի արտգործնախարար Յան Ցզեչի հետ կքննարկեն ԿԺԴՀ-ի հարցը:
Հիշեցնենք, որ ԿԺԴՀ-ն հայտարարել էր, որ երկրի հիմնադիր Կիմ Իր Սենի 100-ամյակին նվիրված արբանյակը կարձակվի ապրիլի 12-16-ը: Համաձայն Փհենյանի ներկայացրած թռիչքի ծրագրի՝ հրթիռի առաջին աստիճանը կընկնի Հարավային Կորեայի արևմտյան ափին, իսկ երկրորդը՝ Ֆիլիպինյան գլխավոր Լուսոն կղզու մոտակայքում: Ճապոնիայի պաշտպանության նախարար Նաոկի Տանական հրաման է տվել ազգային զինված ուժերին վնասազերծել հրթիռը, եթե այն կամ դրա մասնիկները որևէ վտանգ սպառնան երկրի տարածքին:









































