ՀՀ իշխանությունները խուսափում են ՄԻ եվրոպական դատարանի առջև իրենց միակողմանի ստանձնած պարտավորությունները կատարելուց: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Փաստաբանների պալատի իրավաբան Արթուր Գրիգորյանը` խոսելով «պետական կարիքներ» անվան տակ իրենց բնակարանները կորցրած մարդկանց գործերից:
Ըստ նրա` ՀՀ կառավարությունն իր վրա էր վերցրել պարտավորություն իր վստահորդներ Սեդրակ Բաղդասարյանին և նրա ընտանիքի անդամներին, Գրիգորի Ղասաբյանին և նրա ընտանիքի անդամներին սեփականության իրավունքով տրամադրել բնակարաններ՝ նախկինում նրանց ունեցած բնակարանների գտնվելու վայրում «ԳՐԻԱՐ» ՓԲԸ-ի կառուցած բազմաբնակարան շենքից:
Նրա խոսքով` կառավարության այս պարտավորությունները հիմք հանդիսացան, որ ՄԻ եվրոպական դատարանն իր որոշումներով վստահորդների գանգատները հանի քննարկման ենթակա գործերի ցուցակից՝ այն հաշվով, որ ՀՀ կառավարությունը երեք ամսվա ընթացքում կատարի նշված պարտավորությունները: Ուստի սույն թվականի ապրիլի 4-ին խաբված անձինք ՄԻ եվրոպական դատարանի 3-րդ բաժանմունքի նախագահին ուղղված դիմումով հաղորդել են սրա մասին և խնդրել իրենց դիմումները քննարկման ենթակա գործերի ցուցակում վերականգնելուց անմիջապես հետո կայացնել վճիռներ, որոնցով որպես նյութական վնասի փոխհատուցում իրենց տրամադրել արդեն իսկ օտարված բնակարանների շուկայական արժեքները:








































