«ՄԳԱ Վոթըր» ընկերությունը («Մաքուր ջուր» ապրանքանիշ) դատարանում բողոքարկելու է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մարտի 30-ի որոշումը` անբարեխիղճ մրցակցության մեղադրանքով:Այդ մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է «ՄԳԱ Վոթըր» ընկերության տարածած մամուլի հաղորդագրությունից:
Ըստ ՏՄՊՊՀ-ի` «ՄԳԱ Վոթըր» ընկերությունը սպառողին առաջարկում է խմելու մաքուր ջուր, սակայն ջրի հումքային ծագման մասին տալիս է ոչ ճիշտ տեղեկություններ: Մասնավորապես` «Մաքուր ջրի» շշալցման ժամանակ օգտագործվում է ոչ թե լեռնային աղբյուրի, այլ քաղաքային սովորական ջրամատակարարման ցանցի ջուր:
Այս կապակցությամբ «ՄԳԱ Վոթըր»-ի փոխտնօրեն Հակոբ Մաթոսյանը մամուլի հաղորդագրության մեջ նշել է, որ ընկերությունը 9 տարի է, ինչ շշալցնում է Գառնիի աղբյուրների ջուրը, որը խողովակի միջով հոսում է արտադրամաս: Ընկերությունը հարցով դիմել է Ստանդարտների Ազգային ինստիտուտ, որից ստացել է պաշտոնական պատասխան առ այն, որ Հայաստանում գործող և ոչ մի օրենքում չկա «բնական աղբյուրի խմելու ջուր» հասկացության կոնկրետ ամրագրում: «Հետևաբար նման պարագայում հանձնաժողովի կողմից այս բառակապակցության վիճարկումը չունի հիմքեր, այլ միայն հիմնված է անդամների տրամաբանության վրա»,-նշված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ նշվել է, որ ունենալով ոչ բավարար տեղեկատվություն ջրի մաքրման և շշալցման տեխնոլոգիական գործընթացի մասին, ՏՄՊՊՀ մասնագետները եկել են անհիմն եզրահանգման` ենթադրելով, որ «ՄԳԱ Վոթըր» ընկերության գործունեության մի մասը ստվերում է: «Այսպիսով, նրանք ոչ միայն հանրության աչքերում վարկաբեկում են ընկերությանը, այլև կասկածի տակ են դնում հարկային մարմինների աշխատանքը, որոնք պարբերաբար ստուգումներ են անցկացրել ընկերությունում և նման խախտումներ չեն հայտնաբերել: Հատկանշական մեկ փաստ. հանձնաժողովի մասնագետները նույնիսկ հարկ չեն համարել այցելել ընկերության արտադրամաս, չեն ծանոթացել շշալցման բուն գործընթացին, միայն հիմնվել են մրցակից կազմակերպության բողոքի վրա: Հետևաբար զարմանք է հարուցում պետական ծառայողների նման անփույթ վարքագիծը, առավելևս` նրանց արած անհիմն և անպատասխանատու հայտարարությունները: Նման պահվածքով հենց իրենք են խոշոր չափի վնաս հասցնում պետությանը. պահելով մրցակից ընկերության կողմը, կատարում են իրենց գործառույթին հակառակ գործառույթ` ստեղծելով անհավասար մրցակցային պայմաններ, նպաստելով տնտեսական դաշտում մենաշնորհային դիրքի առաջացմանը: Եվ վերջապես, լինելով պետական հանձնաժողով, այս կառույցը շահագրգիռ չէ պետության միջազգային վարկանիշի և ներդրումային ֆոնի պահպանման գործում:
Հիշեցնենք, որ «ՄԳԱ Վոթըր» ընկերությունը ստեղծված է արտասահմանյան ներդրումների շնորհիվ»,-նշված է հաղորդագրությունում:










































