Ապրիլի 6-ին Աստանայում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին:
ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նախարարների հանդիպման օրակարգում էին Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման քսանամյակին և ՀԱՊԿ տասնամյակին նվիրված Հավաքական անվտանգության խորհրդի հոբելյանական նստաշրջանին քննարկվելիք հարցերը:
ՀԱՊԿ արտգործնախարարները մանրամասն քննարկել են միջազգային և տարածաշրջանային քաղաքականության խնդիրների վերաբերյալ դիրքորոշումների համադրման առնչվող հարցեր:
Խորհրդի մասնակիցները անդրադարձել են Աֆղանստանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին:
Արտգործնախարարները մտքեր են փոխանակել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների, Իրանական միջուկային ծրագրի և Պակիստանում իրավիճակի շուրջ:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարներին ներկայացրեց արտաքին քաղաքականության համադրման հարցերը, միջազգային կազմակերպություններում ՀԱՊԿ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների համագործակցությունը:
Նույն օրը Աստանայում տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության արտգործնախարարների խորհրդի նիստը, որի օրակարգում էր կազմակերպության շրջանակներում փոխգործակցությանն առնչվող շուրջ երկու տասնյակ փաստաթուղթ՝ հումանիտար բնագավառի, անվտանգության, տնտեսության, քարտեզագրության, ճգնաժամային իրավիճակների և մի շարք այլ ոլորտների վերաբերյալ:
ԱՊՀ արտգործնախարարների խորհրդում քննարկվել են Պետությունների ղեկավարների խորհրդի օրակարգային հարցերը: Նախարարները հավանության արժանացրեցին Պետությունների ղեկավարների խորհրդին ներկայացվելիք հինգ փաստաթղթի նախագիծ և կառավարությունների ղեկավարների խորհրդին՝ տաս փաստաթղթի նախագիծ:
Նախարարական հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում ԱՊՀ անդամ երկրների ԱԳՆ-երի միջև ոլորտային խորհրդակցությունների բովանդակությանն ու անցակացման ժամանակացույցին:
Նստաշրջանի մասնակիցները անդրադարձան նաև «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության գործունեությանը և դրա զարգացման ծրագրերին:
Հանդիպմանը որոշվել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել ս.թ. նոյեմբերին Աշխաբադում:










































