Բրազիլական RT Features կինոստուդիան Բոբ Դիլանի Blood on the Tracks ալբոմի հիման վրա ֆիլմ նկարելու իրավունք է ստացել: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն՝ հղում անելով Collider-ին:
Blood on the Tracks ալբոմը Դիլանի 15-րդ ձայնասկավառակն է: Ալբոմը վաճառքում հայտնվել էր 1975 թվականի հունվարին: Ենթադրվում է, որ ձայնասկավառակի երգերից շատերի թեման վերաբերում է երաժշտի և նրա կնոջ՝ Սառայի ամուսնալուծությանը: Նրանք համատեղ ապրել են 12 տարի: Դիլանը հայտարարել է, որ երգերի ստեղծման համար իրեն ոգեշնչել են Անտոն Չեխովի պատմվածքները:
Blood on the Tracks ալբոմը եղել է ամերիկյան Billboard-ի առաջին և բրիտանական հիթ շքերթի 4-րդ հորիզոնականներում:
Ֆիլմի սյուժեի մասին տեղեկություններ չկան: Ռեժիսորի անունը նույնպես հայտնի չէ: Հայտնի է միայն այն, որ բրազիլական կինոստուդիան պատրաստվում է ֆիլմը նկարահանել անգլերենով:







































