«Առաջին լրատվական»-ի Real Politik հաղորդաշարի հյուրն է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը:
– Քաղաքական պայքարի թեժ հանգրվանին, կարծես հետ են նահանջում այն հիմնական խնդիրները, որոնք ոչ պակաս կարևոր են, քան առաջիկա համապետական ընտրությունները: Այդ թվում` տնտեսությունը, որը որևէ ձևով չի կարելի նսեմացնել քաղաքական այս թեժ հանգրվանին. գիտելիքահենք տնտեսություն, հարց, որի մասին անընդհատ խոսվում է, բայց շոշափելի արդյունքներ չենք տեսնում: Ե՞րբ կարող ենք ազդարարել, որ մենք այլևս բոլորովին այլ խաղի կանոններ ենք հաստատում, և այդ կանոնները իրագործվելու են գիտելիքի, մարդկանց միջոցով: Արևմուտքում կրթություն ստացած մարդիկ կգան թե՛ իրենց կրթական ցենզով, թե՛ իրենց մշակույթով և նոր իրավիճակ կառաջացնեն երկրում:
– Ընդհանրապես այսօր աշխարհում գլոբալ տնտեսությունից անցում է կատարվում գիտելիքի տնտեսությանը կամ գիտելիքի վրա հիմնված տնտեսությանը: Դրանք տարբեր հասկացություններ են: Առաջին` տնտեսության կարևորությունը ոչ ոք չի կարող նսեմացնել, երկրորդ` մեր տնտեսական զարգացման ապագան ընտրելիս, ընդհանուր առմամբ, ինչ պետք է հաշվի առնենք: Առաջինը պետք է հաշվի առնենք մեր աշխարհաքաղաքական դիրքը, մեր ունեցած հնարավորությունները, ազգային հոգեկերտվածքը, էթնիկ հոգեբանությունը: Օրինակ` ինչին է մեր ժողովուրդը ավելի ունակ և որտեղ կարող է ավելի լուրջ հաջողություններ ունենալ: Այն տնտեսագետները, որոնք փորձում են այլ հոգեկերտվածքի կամ այլ էթնիկ հոգեբանություն ունեցող երկրի մոդելը ուղղակիորեն տեղադրել մեկ այլ երկրում` պարզապես տապալվում են կամ մասամբ են հասնում իրենց նպատակներին: Այս առումով Հայաստանի համար շատ է կարևորվում գիտելիքի տնտեսությունը կամ գիտելիքի վրա հիմնված տնտեսությունը: Սրանք տարբեր են մի պարզ պատճառով, որ գիտելիքի տնտեսությունն այն է, երբ դու քո գիտելիքի արդյունքը վաճառում ես: Նշանակություն չունի` ում ես վաճառում, դու կարող ես դա արտահանել, ներդնել: Երբ քո երկրում զարգանում է մի տնտեսություն, որը հիմնված է ավելի առաջավոր գիտելիքների վրա, և այդ ձևով ես կազմավորում: Օրինակ` բարձր տեխնոլոգիայի վրա հիմնված արդյունաբերություն: Երբեմն ժողովուրդը բարձր տեխնոլոգիան շփոթում է ինֆորմացիոն տեխնոլոգիաների հետ, բայց դրանք տարբեր բաներ են: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների միջոցների արտադրությունը բարձր տեխնոլոգիա է, բայց ինֆորմացիոն տեխնոլոգիան բարձր տեխնոլոգիա չէ` դա ինֆորմացիոն տեղեկատվական կապի համակարգ է: Ձեր նշած` ե՞րբ կարող ենք ազդարարել դրա սկիզբը, դա ինչ-որ մի պահի չեն հայտարարում: Պետք է սկսի մի պրոցես, որի արդյունքում երկու կողմերը, այսինքն` գիտելիքը, արդյունք ստեղծողը և ընդհանրապես գործարարները պետք է ինչ-որ կետում հատվեն: Ենթադրենք` գործարարը գտնում է, որ տնտեսության այս ոլորտը այս ժամանակաշրջանում ձեռնտու է ներդրումներ կատարելու համար և բնականաբար իր ներդրումը ուղղում է այդ ոլորտին: Օրինակ բերեմ մեր երկրից, երբ այլ ոլորտներում աշխատած գումարները, ասենք` ադամանդագործության մեջ աշխատած գումարները ներդնում էին շինարարության մեջ: Սա էթնիկ հոգեբանության արդյունք է, որովհետև մեզ մոտ կա ընդօրինակելու այդ տենդենցը և կա նաև զուտ շահույթ ստանալու նպատակ հետապնդելը: Այսինքն` այս ոլորտը շահութաբեր է, պետությունը սրան ուշադրություն է դարձնում, այսինքն` կապիտալը հոսում է այնտեղ, որտեղ կարող է ավելի շատ շահույթ ստանալ:
– Մենաշնորհային տնտեսությունը խոչընդոտ չէ՞:
– Չենք կարող ասել, որ մեր մոտ բացարձակ մենաշնորհային տնտեսություն է: Կան ոլորտներ, որտեղ կան մենաշնորհներ:
– Միջազգային կազմակերպության ղեկավարները չեն խորշում…
– Ասում են, որ կա, բայց խնդիրը դրա լինելը չէ: Դրա չարաշահելը, կանխելն է: Երբ որ 10 տարի առաջ դրվում էր օրենքը, տնտեսական մրցակցության պաշտպանության երկու խնդիր էր առաջադրվում, որպեսզի մենաշնորհները չկարողանան խանգարել փոքր և միջին բիզնեսին, կայացող գործարարությանը, և երկրորդ` իրենք իրենց դիրքը չչարաշահեն: Դա չարաշահումների ուղղություններից մեկն է: Պետության խնդիրն է թույլ չտալ, որ դա խանգարի նորմալ գործարարության կայացմանը: Տնտեսական մեթոդներով նույնպես կարելի է դրա վրա ազդել: Մենք գիտենք տարբեր երկրների օրինակներ, երբ պետական ռեզերվներից ապրանք են հանում շուկա, որ մենաշնորհները չկարողանան տնտեսական լծակներով, պետության համար անտեսանելի լծակներով խանգարել:
– Իսկ քաղաքական կամք կա՞ մեր երկրում, որը մեզ անհրաժեշտ է:
– Իհարկե կա: Դեռևս քննարկվող ռազմավարության մեջ, նույնիսկ ընդհանուր քննարկվող տեսլականի մեջ այդ խնդիրը դրված է, և իզուր չէ, որ այսօր էլ արդյունաբերական քաղաքականության կոնցեպցիան, որը կառավարությունը ներկայացրել է այնտեղ, առաջին հերթին գնում են հենց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, իսկ դա չեն կարող իրականացնել, եթե ավելացված արժեքի մեջ մտավոր սեփականության բաժնեմասը անընդհատ չավելացնեն: Սրա եղանակները շատ տարբեր են: Այստեղ կարող են օգնության հասնել Եվրոպայում կամ աշխարհի լավագույն համալսարաններում կրթված երիտասարդները, որոնք ունակ են դա անելու: Նրանց համար պետք է կանաչ լույս և բաց ճանապարհ լինի այս առումով: Պետությունը պետք է այս հարցում լինի առաջատար: Վերջին տասնամյակում տեսնում ենք ադամանդագործության, ինֆորմացիոն տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության և տարբեր ճյուղերի, թեթև արդյունաբերության, սննդի, այնտեղ, որտեղ գործարարը նկատում է, որ պետությունը ուշադրություն է դարձնում և ինքը առաջատար հետևում է դրան, գործարարը իրեն այդ ոլորտում ավելի ապահովված է զգում: Դրան ավելի է նպաստում, երբ դրսից մեկ-երկու խոշոր ներդրող աշխարհահռչակ ներդրողներ կամ ոչ հայտնի, բայց այդ ոլորտում կայացած ընկերություններ մտնում են Հայաստան: Պիտի փորձեն գիտնականն ու գործարարը հանդիպեն: Մենք միացած ենք աշխարհում գոյություն ունեցող բոլոր կոնվենցիաներին, բացի այդ` մեր օրենսդրությունը համարվում է լավագույններից, և դրա կիրառումը, սարքավորումների տեղադրումը և այլն, գրեթե ոչ մի խնդիր չկա: Երբ գիտելիքի տնտեսություն ստեղծելը` գիտելիքի վրա հիմնված տնտեսությունը, դառնա հանրության համար նպատակ, ապա մենք կարող ենք ասել, որ հենց այդ պահին դրա սկիզբն է:
– Այս իմաստով հարևանների հետ համեմատությունը ո՞ւմ օգտին է: Ի վերջո, Վրաստանի օրինակն ունենք, որտեղ ինչ-որ տարբեր մոդուսներ փորձարկվեցին: Ադրբեջանը, որտեղ ահռելի բյուջեի պայմաններում, կարծես թե, ևս փորձեր է անում ուսանողներ արտահանել և նրանց հետ բերել պետական կառավարման ապարատ, գործարար ոլորտ: Մենք ի՞նչ վիճակում ենք: Ունենք Սփյուռք, կարծես թե ունենք ներուժ դրսում, բայց Հայաստանում, կարծես թե, ստիմուլյատորներ չկան:
– Չէ էնպես չի, որ չկան: Երբ սկսում էր «Թումո» կենտրոնի ծրագիրը, կամ` երբ Բիլգեյցի հետ կնքվում էր առաջին պայմանագիրը, կամ` երբ Ալկատելի նախագահը` Սերժ Չուլուկը, ժամանեց Հայաստան մի ամբողջ պատվիրակությունով: Հենց դրանից էր, որ սկսվում է, որով պետությունը իր խթանը, իր ուղղությունը ցույց տվեց հանրությանը, որ այսօր, գիտեք, մեծ քանակությամբ ինֆորմացիոն տեխնոլոգիաներով զբաղվող ընկերություններ և անհատներ ունեն: Սա գիտեք ինչի է նման: Դուք ինչքան ուզում եք հարուստ ադրբեջանցի հավաքեք Ադրբեջանում: Մի օրինակ կար, ասում է, եթե դուք 9 հոգի 1 ամսական հղի կնոջ մի տեղ հավաքեք, միևնույն է` երեխան չի ծնվի: Այսինքն` ես ինչու եկա հենց բնատուր հակվածությունից ու էթնիկ հոգեբանությունից, բիզնեսի նկատմամբ հակումներից, սրանք մի ամբողջ կոմպլեքս են, որոնք հաշվի առնելով ենք ասում, որ սա է մեր համար ապագա: Դուք գիտելիքի տված արդյունքը չեք կարող ո՛չ տնտեսական շրջափակման ենթարկել, ո՛չ որևէ ձևով ազդել դրա վրա, ո՛չ փորձել խեղդել: Գիտելիքի արդյունքը ամբողջ աշխարհի համար է: Այստեղ խնդիրն ուրիշ բանում է, որքան գլոբալացվող տնտեսությունը անցնում է գիտելիքին, մենք պիտի կարողանանք, այս անցման ժամանակ գլոբալ տնտեսության հետ լինենք ադեկվատ: Նույնիսկ մեր կուսակցության գաղափարախոսության մեջ առանձին կետ կա, որ ազգային արժեքները համադրեն համամարդկային արժեքներին: Այսինքն` մենք պետք է համամարդկային արժեքների հետ հավասար գնանք առաջ, եթե մենք որևէ մի տեղ բաց թողնենք սա կամ ինչ-որ շահերից ելնելով ասենք, որ դա մեզ պետք չէ, ուրեմն մենք նորից կարող ենք ետ մնալ, ինչպես որ Սովետական Միության տարիներին էինք ետ մնացել: Եվ դա հետո մեզ սերունդները չեն ների: Որովհետև իրենք նորից կհայտնվեն այն վիճակում, այսինքն` երկու տեխնոլոգիական ցիկլ հետ, քան ամբողջ աշխարհը: Դա նաև անվտանգության ապահովման համար է շատ կարևոր գործոն, որովհետև այդ գիտելիքի գործոնը ոչ միայն քաղաքացիական, այլև երկիր անվտանգության առումով կարող է օգտագործվել, ընդ որում` շատ ավելի արդյունավետ, քան ասենք մի քանի հազար ռումբերը: Եթե նայում ենք մարդկության զարգացմանը, ինչի արդյունքում է, որ 20-րդ դարում գիտնականների գնահատականով, մարդկությունը զարգացել է երկու անգամ ավելի արագ և շատ, քան ամբողջ 1900 տարվա ընթացքում` Քրիստոսի ծննդից սկսած: Եվ այս պահի գնահատմամբ` 21-րդ դարի առաջին տասնամյակի, ցույց են տալիս, որ դա ավելի արագանում է: Ինչի՞ շնորհիվ` ինֆորմացիայի տարածման հնարավորությունների ավելացման: Ինֆորմացիոն տեղեկատվական համակարգերի զարգացումը նույնպես կարևոր է գիտելիքային տնտեսության զարգացման համար: Օրինակ` Համաշխարհային բանկը, երբ երկրները դասակարգում է վարկանիշով, ճիշտ է այնտեղ մոտ 130 առանձին ցուցանիշներ կան` սկսած 1000 բնակչին բաժին ընկնող համակարգիչների քանակից, վերջացրած երկրի համախառն ներքին արդյունքով, գենդերային կամ կանանց մասնակցությունը, այդպիսի ցուցանիշներ էլ են հաշվի առնում, ընդ որում` Հայաստանը այդ մասով 71-րդ տեղում է 146-ի մեջ: Էնպես չի, որ շատ առաջ ենք, բայց շատ հետ էլ չենք, բայց մենք հետ ենք հենց IST-ի մասով, այսինքն` ինֆորմացիոն տեղեկատվական համակարգերի մասով: Փառք Աստծո, որ այժմ այդ ընթացքը շատ ավելի արագ է:
– IST-ն շատ ավելի ստվերում չի Հայաստանում, այսինքն` դրանք ինչքանո՞վ են հաշվառված, եթե հաշվառված են:
– Գիտեք ինչ կա` ստվերում լինել-չլինելու հարցը ժամանակի խնդիր է: Պետական վարչարարությունը կլուծի խնդիրը նրանց կբերի դաշտ: Ժամանակին ասեցին 39 ընկերություն կոշիկ են կարում Հայաստանում` ստվերային, հարկ չեն վճարում: Հիմա, եթե դրանց խեղդեինք` կվերջանար: Ես չեմ ասում, որ սա դարձնենք քաղաքականություն, բայց ինչ-որ իմաստով անհրաժեշտ է նաև սթափ նայել: Տնտեսական քաղաքականության իմաստով զուտ եթե օրենսդրական շրջանակների մեջ դնես և աշխատես` մենք դեռևս Շվեդիա ու Էստոնիա չենք: Պիտի հաշվի առնենք նաև ինչ-որ բաներ` երկրաշարժ, պատերազմ, շրջափակում, ճգնաժամ, այսինքն` այս գործոնները հաշվի չառնել պարզապես չի կարելի:
– Շվեդիա, Էստոնիա չենք, բայց Եվրամիության ազատ առևտրի պայմանագրի համար ազդարարված բանակցություններով, փաստորեն, Հայաստանին հնարավորություն է տրված, և գիտեմ, որ ներգրավված եք կարծեմ այդ գործընթացում: Դա ի՞նչ հեռանկար է տալիս Հայաստանին, և ի՞նչ շանսեր ունի Հայաստանը այդ բանակցությունները հաջողելու, դրա քաղաքական և տնտեսական բաղադրիչը, որովհետև կան քաղաքական պահանջներ և տնտեսական հեռանկարներ: Մենք ի՞նչ շանսեր ունենք այստեղ:
– Եթե գամ բաղադրիչներից, ինքը ընդհանուր ասոցացման համաձայնագրի ընդամենը մեկ մասն է, այն 4 մասից է բաղկացած: Այդ պայմանագիրը 1200 էջ է, դրա 800 էջը ազատ առևտուրն է: Մնացածը քաղաքական, արդարադատություն և ազատությունն է և հաջորդը ճյուղային մասն է: Պարզ հասկացություններ են քաղաքական մասով` ժողովրդավարություն, մարդու ազատություններ, իրավունքի գերակայություններ, ճյուղերի համաչափ զարգացում, տարածքների համաչափ զարգացում: Իսկ ընդհանուր առմամբ` ազատ առևտրի պայմանագիր սկսելը ԵՄ հետ ես չէի ստորադասի Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամակցությանը: Եթե նույնիսկ չասեմ, որ ավելի մեծ նշանակություն կունենա Հայաստանի համար: Սա մաքսային միության անդամ դառնալ չէ, սա ազատ առևտրի համաձայնագիր է: Մեր առջև բացվում է մի հսկա շուկա` տեխնոլոգիապես զարգացած, գիտական իր հզոր պոտենցիալով, լուրջ եկամուտներով և հավասարաչափ զարգացած տարածքներով: Հայաստանի համար հնարավորություն է գիտելիքի տնտեսությունը զարգացնելու համար: Քանի որ այդ առևտուր ասածը միայն ապրանքներին չի վերաբերում, դա վերաբերում է նաև ծառայություններին և գիտական աշխատանքների արդյունքներին: Քանի որ դու մտնում ես ավելի բաց շուկա, որտեղ ինքդ կարող ես իրացնել և օգտվել նաև նրանց հնարավորություններից: Չօգտվել այդ հնարավորություններից ուղղակի անթույլատրելի է: Այդ բանակցությունների սկիզբը կարելի է շնորհավորել:
– Ասում են կարելի է ենթադրել, որ այս համապետական ընտրությունները քննություն են, որպեսզի հնարավոր լինի իսկապես արժանավայել ընտրություններ իրականացնել և այդ մեկնարկը իսկապես ավանսով մեզ տրված խոստում է:
– Քաղաքական իմաստով միգուցե, դրա համար էլ այսօր կառավարությունը, մասնավորապես ՀՀԿ-ն ամենաշահագրգիռն է: Ճիշտ է, դեռևս չսկսած մրցաշարը, առկա են ահավոր լուտանքներ, զազրախոսություններ, սուտ, հայհոյանք: Կան կուսակցություններ, որոնք ծրագիր չեն առաջարկում: Ինչու եմ ասում գիտելիքի տնտեսություն, որովհետև կրթված մարդը, այնուամենայնիվ, ընտրություն կանի ոչ թե այս կամ այն բամբասանքի հիման վրա, այլ ներկայացրած ծրագրի, գաղափարների: Առաջին տեղում գաղափարներն են: Եթե նայում են գաղափարախոսությանը, արդեն մարդու մոտ որոշակի զգացմունք է առաջանում: Հետո նայում են նրա անցած ուղուն: Ով ոչինչ չի անում, նրան չեն քննադատում: Իհարկե, եթե մարդ տանը նստած ոչ մեկի համար ոչինչ չի անում, ով է նրան հիշելու և քննադատելու: Ճիշտ են անում, որ քննադատում են, իսկ ով ասեց, որ սխալ են անում: Մենք ինքներս էլ ենք քննադատում, բայց նաև արած աշխատանքը պետք է գնահատել: Օրինակ` միջին օղակում կոռուպցիայի շեշտակի նվազումը. որևէ մեկը կարո՞ղ է ասել, որ դա չկա: Բազմաթիվ այդպիսի օրինակներ կան և ընդհանրապես բիզնես-պետություն հարաբերությունների պարզեցումը: Ցանկացած գործարարի հարցրեք, կասի որ այսօր հարկային տեսչության, մաքսային, կադաստրի, մյուսի հետ շփումը շատ ավելի պարզ է: Հիմա ընթացքի՞ն նայենք, թե՞ ինչ-որ բամբասանքների: Հետո գործարարի նկատմամբ վերաբերմունքը, օրինակ, ինձ դուր չի գալիս: Գործարարը մեր երկրում արդյունք ստեղծող հասարակական միավոր է:
– Բայց գործարարը ժողովրդի ընկալմամբ հարկեր չվճարող, ժողովրդի հանրային միջոցները մսխող կերպար է:
– Ես կարող եմ ասել, որ սա նաև իներցիա ունի, որը գալիս է Խորհրդային Միությունից: Գաղափարախոսությունը ուղղված էր հարուստ մարդու դեմ: Այսինքն` նա, ով բարեհաջող է, նա հասարակության թշնամին է: Չերչիլը մի օր Ստալինին ասել է, որ դուք մի շատ կարևոր հարց եք լուծել, ձեր մոտ բոլորը հավասարապես աղքատ են: Եվ այդ իներցիան անցել է հասարակության մեջ: Չեն սիրում բարեհաջողին, չեն սիրում կայացածին:
– Պարոն Ճշմարիտյան դրա մասին չի խոսքը: Շատ լուրջ կոալիցիայի մաս կազմող կուսակցության առաջնորդ, շատ լուրջ ներկրող, օրինակ` կահույք է ներկրում Հայաստան 30 անգամ ինքնարժեքից ցածր փայտանյութի անվան տակ: Հիմա ես այս տեղեկատվությունը դարձնում եմ հանրության սեփականությունը, հանրությունն էլ տրամադրություններ է ձևավորում այդ գործարարի կամ մեկ այլ սուբյեկտի նկատմամբ:
– Բացարձակ չնսեմացնելով ձեր ունեցած տեղեկատվությունը` կարող եմ ասել, որ այդ մեկ դեպքի մյուս կողմում կա 50 օրինավոր աշխատող: Եվ չի կարելի ինչ-որ մեկի օրինակը տարածել մյուսների վրա: Ասել, որ եթե մի գործարար էսպիսին է, ուրեմն մյուսներն էլ են նրա նման: Ես ձեզ կարող եմ անուն-ազգանունով ասել այն գործարարների անունները, ովքեր ցանկացած ֆորումում փայլում են և կարող են մրցակցել եվրոպական ցանկացած կազմակերպության հետ: Եվ այսօր դարձել է այնպես, որ ասում են գործարարը իրավունք չունի այս, իրավունք չունի այն: Ուրիշ հարց,որ գործարարը իր պատգամավորությանը զուգընթաց իրավունք չունի զբաղվել գործարարությամբ:
– Պետք է նշել նաև, որ կառավարության մակարդակով գործարարի նկատմամբ շեշտակի ուշադրություն է սկսել:
– Այսինքն` ավելի լավ է գնան զբաղվեն գործարարությամբ այն գործարարները, ովքեր ԱԺ-ում միգուցե այն ակտիվությամբ չեն հանդես եկել: Բայց այդ ժամանակահատվածում արգելել մարդուն ընտրվել, դա պետք է դուրս գա: Եթե այդ գործարարը սխալ է արել, պատժեք, վաղն էլ կասեն երաժիշտին չի կարելի, մյուս օրը` կոմպոզիտորին: Մենք պետք է հաշվի առնենք, որ մեր մասնավոր հատվածն է մեր համախառն ներքին արտադրանքի 80-90 տոկոսը ստեղծում: Հարկերը վճարում են նրանք, պետությունը պահում են նրանք: Այսինքն` մենք պետք է գործարարին փայփայենք և ոչ թե անընդհատ դատափետենք ասելով, որ գիտես շատ վատ է, որ դու գործարար ես, դու ոչ մի բանի իրավունք չունես:









































