Ֆիլիպիններում 225 պիտբուլներ հանձնվել են երկու ապաստարանների, որոնց աշխատակիցները համաձայնել են ստանձնել կենդանիների խնամքը:
Մարտի 30-ին ոստիկանության ուշադրության կենտրոնում են հայտնվել մայրաքաղաք Մանիլայի երկու ֆերմաներ, որտեղ պահվել են հարյուրավոր պիտբուլներ՝ ապօրինի մարտերի մասնակցելու համար:
Մարտերի ժամանակ վնասվածքներ ստացած այն կենդանիներին, որոնց բուժելը գործնականում անհնարին կլինի, էֆթանազիայի կենթարկեն, չնայած առանց դրա էլ շները մեկը մյուսի հետևից սատկում են:
33 շների արդեն «քնեցրել են», քանի որ վնասվածքները բազմաթիվ են եղել: Կենդանիների մի մասն էլ ցուցաբերել է խիստ ագրեսիվ վարք: 4 պիտբուլ սատկել է «առանց միջամտության»:
Գործի առթիվ 12 մարդ է ձերբակալվել, որոնցից 8-ը՝ հարավկորեացիներ: Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերվելու մասին մեղադրանքների հաստատման դեպքում նրանց մինչև 2 տարի ազատազրկում է սպասվում:
Շների մարտերը նկարահանվել և ցուցադրվել են համացանցով: Կազմակերպիչների եկամուտն ապահովել են հանդիսատեսի կատարած խաղադրույքները: Ոստիկանության տվյալներով՝ խաղադրույքների մեծ մասը կատարել են հարավկորեացիները, քանի որ նման մարտերը Ֆիլիպիններում երկրպագուների մեծ բանակ չունեն: