Քաղաքականությունն ու դիվանագիտությունը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի հարցը շատ ձգձգեցին. մինչ այժմ դա ձեռնտու էր երկու կողմերին էլ, սակայն վրա է հասել այն պահը, երբ պետք է որոշել՝ որտեղ են ռազմավարական նշանակության օբյեկտները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Իգոր Մուրադյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի հայտնած այն մտքին, թե չի բացառվում՝ Հայաստանը համաձայնություն տա իր տարածքում ռուսական ռադիոտեղորոշիչ կայան կառուցել:
«Ակնհայտ է, որ ռուսական նմանօրինակ օբյեկտներ Ադրբեջանի տարածքում չեն կարող գտնվել: Դա հակասում է Արևմուտքի, Թուրքիայի ու ԱՄՆ-ի առջև ունեցած Ադրբեջանի պարտավորություններին: Այստեղ խոսքը տարածաշրջանային մեծ քաղաքականության շարունակության մասին է»,- նշեց քաղաքագետը:
Իգոր Մուրադյանի խոսքով, եթե Հայաստանի տարածքում Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանին փոխարինող նմանօրինակ մեկ այլ կայան կառուցվի, Արևմուտքը դրանից չի զարմանա: «Ոչ մի քայլ չի կարող ձեռնարկել նաև ադրբեջանական կողմը: Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը պետք է փակվի, և երբ փակվի, Ադրբեջանը չի կարողանա օգտագործել այն: Ռուսները թույլ չեն տա, որ ինչ-որ մեկն օգտագործի կայանը»,- ասաց քաղաքագետը:
Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում չի բացառել, որ Հայաստանի տարածքում կարող է Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանին փոխարինող նմանօրինակ մեկ այլ կայան կառուցվել:
Թերթի թղթակից Ելենա Չեռնենկոյի հարցին՝ կտա՞ արդյոք Հայաստանը նմանատիպ կայանի կառուցման համաձայնություն իր տարածքում, Տիգրան Սարգսյանը պատասխանել է. «Ինչո՞ւ ոչ: Եթե մեր տարածքը ներկայացնում է այդպիսի հետաքրքրություն, մենք պատրաստ ենք քննարկել այդ հարցը»:











































