Ապրիլի 4-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կիպրոսի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսին:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձել է Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ բարեկամական հարաբերություններին, որոնց համար կարևոր հիմք են ծառայում երկու ժողովուրդների դարավոր կապերը և հայ համայնքի պատմական ներկայությունը Կիպրոսում: Նորին Սրբությունը կարևորեց Հայաստանի և Կիպրոսի համագործակցությունը միջազգային կառույցներում` ի խնդիր երկու ժողովուրդների շահերի պաշտպանության:
Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի կառավարությանը` հայ համայնքի հոգևոր և ազգային կյանքի, կրթական ու մշակութային հաստատությունների հանդեպ մշտապես ցուցաբերվող ուշադրության համար:
Իր հերթին Կիպրոսի ԱԳ նախարարն անդրադարձել է հայ համայնքի դերակատարությանն երկրի կյանքում` ընդգծելով, որ հայ համայնքը հարստացնում է Կիպրոսն ու նրա մշակույթը և ամուր կամուրջ է հանդիսանում երկու ազգերի միջև:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են նաև Հյուսիսային Կիպրոսի գրավյալ տարածքում գտնվող, համամարդկային արժեք ներկայացնող քրիստոնեական սրբավայրերի մտահոգիչ վիճակը:
Վերջում Նորին Սրբությունն իր աղոթքն ու օրհնությունն է հղել Կիպրոսի ժողովրդին` մաղթելով, որ Կիպրոսի խնդիրն իր արդար լուծումը գտնի:











































