«Ղարաբաղյան հակամարտության քաղաքական իմաստավորման հարցը շարունակում է մնալ որպես հրատապ խնդիր: Այն աշխատանքը, որ մեզանում այսօր կատարվում է, համարժեք չէ խնդրի բարդությանը: Հասկանալու համար բանակցային գործընթացը, նախևառաջ պետք է հասկանալ ղարաբաղյան հակամարտության ամբողջ պատմությունը»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Քաղաքական հետազոտություններ» ՀԿ նախագահ Ալեքսանդր Մանասյանը:
Ըստ նրա՝ եթե բանակցային գործընթացը գնահատենք իրավական դիրքերից, ապա միանշանակ կարող ենք ասել, որ այն համարժեք չէ խնդրի իրավական հիմքերին: Պատճառն այն է, որ սեղանին մինչ օրս չկա դրված իրավական փաթեթը:
Բանախոսը փաստեց, որ Արևմուտքը և եվրոպական կառույցները բացահայտ չեն հակադրվում խնդրի միջազգային իրավունքին. «Արևմուտքը հաշվեհարդար չի տեսնում միջազգային իրավունքի հետ, քանի որ հարցի կարգավորման գործում նշվում են մի քանի միջազգային նորմեր: Այսպիսով, թվում է՝ գործը տեղափոխվում է միջազգային իրավական դաշտ, սակայն իրականում նման բան չկա»:
Մանասյանի խոսքերով՝ Ադրբեջանը շատ լավ գիտակցում է, որ իրավական փաթեթը շուտ չի հայտնվի բանակցային սեղանին, այդ իսկ պատճառով բարձր բղավում է, որ խնդիրը պետք է լուծվի իրավական հարթության վրա։ «Նման պայմաններում խնդիրը լուծում չի ստանա: Մեղքը ոչ թե խնդրինն է, այլ այս սխալ մոտեցմանը: Ադրբեջանը ամեն ինչ անում է, որ Եվրոպան Ղարաբաղյան խնդիրը կապի տարածքային հարցերի հետ: Եթե սկզբնական շրջանում Ադրբեջանը փորձում էր կլոր սեղանի շուրջ հանգիստ բանակցել ԼՂ-ի ներկայացուցչի հետը, ապա այժմ, օգտվելկով մոտեցման անորոշությունից, կոշտացրել է իր պահվածքը՝ դարձել ավելի ագրեսիվ,- ասաց Մանասյանը, ապա հավելեց,- իհարկե, Ադրբեջանը փորձում է հոգեբանորեն ճնշել հայ քաղաքացուն, բայց ցանկացած բնագավառում Հայաստանը Ադրբեջանից առաջ է անցնում»:
Թեև Եվրոպան ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա, սակայն նավթի գործոնը խանգարում է նրան ուժեղացնել այդ ճնշումը. «Եվրոպան կախում ունի Կասպիական նավթից, սակայն կարծում եմ, որ Ադրբեջանը նավթը չի կարող մահակ դարձնել Եվրոպայի գլխին, քանի որ նավթի վաճառքը նախևառաջ շահավետ է Ադրբեջանի համար»:
Ըստ Մանասյանի` ադրբեջանական կողմը իր քարոզչամեքենայի միջոցով առաջ է քաշում այն գաղափարը, թե տարածքային ամբողջականության սկզբունքը գերակայում է ազգերի ինքնորոշման խնդրին. «Դա այդպես չէ, քանի որ նման պարագայում ազգերի ինքնորոշման սկզբունքը առհասարակ չէր լինի»:
Վերջում բանախոսը հավելեց, որ խնդիրը կարող լուծվել միայն կոնֆեդերատիվ Ադրբեջանի դեպքում. «Ադրբեջանը շարունակում է մնալ ֆաշիստական երկիր, որտեղ ձերբակալված են մի շարք ազգեր` լեզգիները, թալիշները, ուգիները և այլն»:







































