Հայաստանի կառավարության 2010թ. օգոստոսի 5-ի որոշման համաձայն` «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով պետք է վերակազմակերպվի և միանա «Երևանի մշակույթի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը. «Ընդունել ի գիտություն, որ «Երևանի մշակույթի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է, և վերջինիս իրավունքներն ու պարտականություններն անցնում են «Երևանի մշակույթի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` փոխանցման ակտին համապատաuխան»:
«Առաջին լրատվականը» փորձեց մանրամասներ իմանալ կատարվածի վերաբերյալ «Երևանի մշակույթի պետական քոլեջի» տնօրեն Նադեժդա Սարգսյանից:
«Եթե ես պետական աշխատակից եմ, եթե լինում է կառավարության որոշում, բոլորս էլ պարտական ենք կատարելու այդ օրենքը, բայց ասեմ, որ դեռ հրաման չի եղել: Երբ Ջազային քոլեջը տեղ չուներ մնալու, ես մեծ հաճույքով համաձայնեցի, որ քոլեջը մեր շենքում գործի»:
Ըստ Նադեժդա Սարգսյանի` Էստրադային քոլեջի աշխատակազմը վրդովվել է նրանից, որ որոշման մեջ մշակույթի պետական քոլեջն է համարվում իրավահաջորդ. «Բայց դա չի նշանակում, որ երկու քոլեջների տնօրենն էլ ես եմ լինելու: Կարող է ինձ էլ վաղն ասեն` տիկին Սարգսյան, ներողություն, բայց այստեղ ուրիշ տնօրեն է լինելու: Ոչ ոք չգիտի, թե ով է լինելու տնօրենը, նույնիսկ ես չգիտեմ: Ով էլ տնօրենը լինի, պետք է կարողանա այդ բոլոր ոլորտներում էլ ղեկավարի»:
Սարգսյանը նշեց նաև, որ իրենք հաստիքային աշխատողներն են, պարտավոր են կատարել բոլոր օրենքները. «Այստեղ որոշմանը դեմ կամ չդեմ լինելու հարցը չէ. մենք պարտավոր ենք ենթարկվել օրենքին, եթե պարտավոր չենք, ապա պետք է ուրիշ գործ փնտրենք: Թող ես չլինեմ տնօրենը, թող ուրիշը լինի, բայց լինի որակյալ և օրինակելի»:





































