Արգենտինաբնակ բարերարներ Արմեն և Նատիա Էքսերճիէաններն այս անգամ ձեռնամուխ են եղել Տավուշի մարզի Դիտավան գյուղի դպրոցի կառուցմանը: Սա նրանց հովանավորությամբ «Հայաստան» հիմնադրամի կողմից իրականացվող չորրորդ ծրագիրն է համայնքում:
Գործող դպրոցը 1950-ականների փայտե շինություն է: Աշակերտների թվի ավելացմանը զուգընթաց, ժամանակի ընթացքում շինությանը կից տեղադրվել են մետաղական տնակներ, որոնք ընդամենը տարածքի խնդիր են լուծել: «Ձմռանը ցուրտ, ամռանը շոգ, այս պայմաններում դժվար է երեխաների ուշադրությունը դասերին ուղղել»,- ասում է դպրոցի տնօրեն Արմեն Հախվերդյանը: «Նոր դպրոցը մեծ ձեռքբերում է համայնքի համար. բազմաթիվ խնդիրներ կմնան հետևում»,- ավելացնում է նա:
Երկհարկանի նորակառույցն իր հարկի տակ կարող է ընդունել շուրջ 60 աշակերտի: Դպրոցը կունենա ամբողջական կահավորում` ներառյալ համակարգչային դասասենյակ: Տեղադրվել են ջեռուցման և օդափոխության համակարգերը: Ներքին հարդարման աշխատանքների ավարտից հետո` սեպտեմբերին, գյուղի ավելի քան 40 աշակերտները նոր ուսումնական տարին կսկսեն նորակառույց դպրոցում:
«Էքսերճիէան ամուսինները մեծ ներդրում ունեն սահմանամերձ մարզի այս գյուղում: Ուրախ ենք, որ նրանք ժամանակ են հատկացնում և անձամբ ներկա են գտնվում Դիտավանում մեկը մյուսին հաջորդող ծրագրերի բացմանը և ականատես լինում, թե ինչպես է կյանքը փոխվում համայնքում: Նրանց շնորհիվ է, որ գյուղն այսօր ունի խմելու ջուր, գազ, համայնքային կենտրոն»,- ասում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Էքսերճիէան ամուսիններին Դիտավանի «Պատվավոր գյուղացի» կոչման շնորհումը և Դիտավանի հրապարակի վերանվանումը բարերար ընտանիքի անունով համայնքի գնահատանքի դրսևորումն է:











































