Ռուսական «Կոմերսանտ»-ը հրապարակել է վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքը՝ կապված Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վերաբերյալ ռուս-ադրբեջանական բանակցության հնարավոր զարգացման հետ: Մասնավորապես, Տիգրան Սարգսյանն ասել է՝ եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը Գաբալայի հարցում չպայմանավորվեն, ապա Հայաստանը պատրաստ է իր տարածքում Ռուսաստանին ընձեռել նոր ռադիոլոկացիոն կայան տեղակայելու հնարավորություն, որը, ընդ որում, կարող է ավելի մեծ պոտենցիալ ունենալ, քան Գաբալայի կայանը:
Ինչպես հայտնի է, Ադրբեջանը մի քանի անգամ փորձում է թանկացնել Ռուսաստանի համար Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձը՝ հասցնելով այն տարեկան մոտ 300 միլիոն դոլարի: Ռուսաստանը, բնականաբար, չի ցանկանում այդքան թանկ վճարել Գաբալայի համար: Ինչո՞ւ է այդ հարցին որոշել միջամտել Հայաստանը: Հայաստանը փորձ է անում օգտվել իրավիճակից և Ռուսաստանը կտրե՞լ Ադրբեջանից՝ գոնե այդ հարցում, թե՞ պարզապես այստեղ գործ ունենք նախընտրական քաղաքական քայլի հետ, երբ Հայաստանի իշխանությունը փորձում է պարզապես առիթից օգտվել և Ռուսաստանին հաճելի հայտարարությամբ հանդես գալ՝ այդպիսով փորձելով նախընտրական իրավիճակում ապահովել Ռուսաստանի իշխանության բարյացակամ վերաբերմունք իր հանդեպ: Ավելին, միգուցե այստեղ խնդիրը ոչ թե իշխանությունն է՝ ընդհանրապես, այլ հենց Տիգրան Սարգսյանի պարագան՝ մասնավորապես: Չի բացառվում, որ Սարգսյանը փորձում է իր համար հնարավորինս բարենպաստ կարծիք ձևավորել Ռուսաստանում, առավել ևս, որ վարչապետ Սարգսյանն ունի, այսպես ասած, Արևմուտքի հովանավորյալի համբավ:
Նախընտրական շրջանում նա կարծես թե փորձում է Ռուսաստանին հավաստիացնել, որ ինքն այնքան էլ արևմտամետ չէ և պատրաստ է ամենասերտ հարաբերության Ռուսաստանի հետ: Կասկած չկա, որ հանդես գալով Ռուսաստանին ուղղված այդօրինակ առաջարկով՝ Տիգրան Սարգսյանն այն նախապես համաձայնեցրել է Սերժ Սարգսյանի հետ, և այստեղ, իհարկե, Սերժ Սարգսյանն էլ ունի Ռուսաստանին նախընտրական հավաստիացումներ անելու անհրաժեշտություն՝ նկատի ունենալով, թե խորհրդարանի ընտրության գործընթացում նա ինչ սերտ շփումների մեջ է արևմտյան շրջանակների հետ, և ինչպիսի մեծ սպասումներ ունեն այդ շրջանակները Սերժ Սարգսյանից:
Այդ սպասումները, որ արտահայտում են տարբեր արևմտյան դիվանագետներ, անշուշտ կարող են առաջացնել Ռուսաստանի խանդը: Հայաստանը փաստացի փորձում է որոշակիորեն մեղմել այդ խանդը՝ առաջարկելով ռադիոլոկացիոն կայանի տարածք: Սակայն հարցն այն է, թե արդյոք Ռուսաստանին անհրաժե՞շտ է այդ տարածքը Հայաստանում, ընդհանրապես՝ այդ կայանը Հայաստանում:
Բանն այն է, որ Գաբալայի կայանը Ռուսաստանին անհրաժեշտ է ոչ միայն տարածաշրջանային դիտարկումների, այլ նաև Ադրբեջանում ազդեցության որոշակի պահպանման տեսանկյունից: Հետևաբար Ռուսաստանի համար խնդիրը նաև այդ հարթության վրա է, ինչը նշանակում է, որ Հայաստանի առաջարկը Մոսկվայի համար կարող է լինել ոչ այնքան արժեքավոր, հետևաբար նաև՝ ոչ այնքան համոզիչ:









































