Մաշտոցի պուրակում մարտի 31-ից ապամոնտաժող բրիգադները հերթափոխով փորձում են իրականացնել կրպակների ապամոնտաժման աշխատանքներ: Ոստիկանները` հատուկ նշանակության ջոկատայինների հետ միասին, չորս կողմից շրջափակել են բուտիկները և կենաց-մահու պայքար են մղում, որ հանկարծ տգեղ, անճաշակ ցուցապաստառներով բուտիկների գլխից որևէ մազ չպակասի: Ու դեռ չի պակասում…
Բուտիկների իրական տերը կարծես պարզ է՝ նախկին քաղաքապետ, ՀՀԿ համամասնական ցուցակի 10-րդ հորիզոնականը զբաղեցրած Գագիկ Բեգլարյանի եղբայրն է, որը, ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, պատրաստ է բուտիկներից հրաժարվել, սակայն հիմա էլ պայքարը թևակոխել է քաղաքական հարթություն և դարձել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի խաղաքարտ, կռվախնձոր: Եթե անգամ Սերժ Սարգսյանը սա օգտագործում է Ռոբերտ Քոչարյանի դեմ, Միքայել Մինասյանը՝ Գագիկ Բեգլարյանի դեմ, նորից ոչ ոք ոչինչ մինչև վերջ չի իմանում, և ըստ էության պետք էլ չէ, քանի որ խնդիրը դրանից չի փոխվում. կա հանրային այգի, հանրային տարածք, որը ապօրինի տրվել է վարձակալությամբ, կան ինքնորոշված քաղաքացիներ, օրեցօր ավելացող ինքնորոշված քաղաքացիների խմբեր, որոնք պայքարում են այս այգու, հանրային սեփականության վերականգնման համար:
Մաշտոցի պուրակի ապամոնտաժող բրիգադի առաջին խմբի անդամ Ստեփան Դանիելյանը շատերի հարցադրմանը՝ ե՞րբ կլինի վերջնական ապամոնտաժումը, արձագանքում է՝ տպավորություն է ստեղծվել, որ կան մի խումբ մարդիկ, որոնք պայքարում են հանրային տարածքի համար և պահանջներ դնում, և կան հանդիսականներ, որոնք արյուն և տեսարաններ են ուզում: «Վերջնական ապամոնտաժում ցանկացողներին առաջարկում եմ հագնել կասկաները և միանալ մեզ, առավել ևս, որ նոր նախաձեռնություններ են առջևում սպասվում, և մասնակիցների քանակը գնալով մեծանում է»,- նկատեց նա:
Նրա խոսքերով՝ այս պայքարն առաջին հերթին հանրային տարածքի համար է, որը մի խումբ մարդիկ անօրինական կերպով սեփականացրել են: Իսկ այգին Հայաստանի փոքր մոդելն է, ինչպես կլուծվի այգու խնդիրը, այնպիսին էլ կլինի ամբողջ Հայաստանի ապագան: Մոտ ապագայում մենք կունենանք թունավորված տարածքներ՝ Ջերմուկում, Ծաղկաձորում, Հրազդանում, այս պահին ոչնչացնում են Թեղուտի անտառը, արդեն թունավորված է Սյունիքը … Եվ այս պայմաններում նստել տանը և դատողություններ անել` առնվազն անընդունելի է:
Ստեփան Դանիելյանը այն հարցին, թե կան խոսակցություններ, որ որոշ քաղաքական ուժեր այգու խնդիրն օգտագործում են միմյանց դեմ ինտրիգներ հյուսելու համար, պատասխանեց, որ քաղաքական ուժերը բնականաբար պետք է փորձեն նման հանրային հնչեղություն ունեցող խնդիրներն օգտագործել իրենց նպատակների համար, սակայն դա իրեն շատ քիչ է հետաքրքրում: Խմբի անդամներին այս պահին հետաքրքրում է շատ կոնկրետ մի հարց` այգին վերադարձնել երևանցիներին, իսկ վաղը` Հայաստանը վերադարձնել Հայաստանի քաղաքացիներին և դժվար թե հայտնի քաղաքական ուժերին այդ հեռանկարը ոգևորի:
Կինոռեժիսոր, Սարդարապատ նախաձեռնող խմբի անդամ, ապամոնտաժող առաջին բրիգադի անդամներից Տիգրան Խզմալյանը քաղաքացիների ժողովի երեկվա քննարկմանը նշեց, որ առաջիկա օրերի վերաբերյալ ընթացակարգ են մշակել, շարունակվելու է ապամոնտաժող խմբի աշխատանքը, որի նպատակը ի սկզբանե հայտարարված էր՝ ի կատար ածել ապամոնտաժման որոշումը բոլոր միջոցներով: Հնարավո՞ր է արդյոք բոլոր պայքարի գործիքները սպառվեն և ինչ-որ մի կետի պայքարը հանգուցալուծում ստանա, Տիգրան Խզմալյանը պատասխանեց, որ պայքարի գործիքները դեռևս սպառված չեն, և ովքեր մտածում են՝ իրենք քաղաքացիներ են և իրենց արժանապատվությունը վիրավորված է, թող միանան ապամոնտաժող բրիգադին, քանի որ սա մեկ կամ երկու տաղավարի հարց չէ, սա հանրային սեփականության, օրենքի հարց է, եթե իրենք իրենց ընտրությունը կատարեն և դուրս գան օրենքի դաշտից՝ ճնշելով, բռնի ուժ կիառելով, իհարկե պայքարի տրամաբանությունը փոխվելու է. «Պարզապես պետք է մեկ-մեկ նրանք, ովքեր կարծում են, որ ուժով կարելի է ժողովրդին ստիպել ինչ-որ բան անել, պետք Հ1-ից բացի, այլ ալիքներ դիտեն և տեսնեն այն, ինչ կատարվում է Մուբարաքի, Քադաֆիի և մյուսների հետ»:
ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որը պուրակի համար անզիջում պայքար մղողներից է, ապամոնտաժող խմբի եռօրյա աշխատանքը բարձր գնահատեց` նշելով, որ խումբն արդարացրեց իրեն, քանի որ այստեղ պայքար է գնում և պայքարի մի մասնիկն է նաև ապամոնտաժման աշխատանքը: Պատգամավորը այս հարցը միանշանակ քաղաքական է համարում, անկախ նրանից՝ ինչպես են բնութագրում, քանի որ եթե դու պետության գործողություններին դեմ ես, սա հատուկ քաղաքականություն է, այսինքն՝ պետությունը ապօրինի գործողություններ է կատարում, քաղաքապետարանը որոշումներ է կայացնում, որոնք օրենքին համապատասխան չեն, և քաղաքացիները ընդվզում են՝ պահանջելով իրենց քաղաքացիական իրավունքները:
«Պայքարն առողջ է, քաղաքացիները պայքարում են իրենց իրավունքների համար, շատ լավ կլիներ բոլոր հարցերի վերաբերյալ լիներ նման դիրքորոշում, բայց կամաց-կամաց մենք հասնում ենք դրան: Երբ ես Թեղուտի համար մի քանի հոգու հետ գնում էի կառավարության շենքի առջև կանգնում, շատ քիչ էին մարդիկ, բայց հիմա տեսնում եք՝ մարդիկ ամեն մի պուրակի համար ընդվզում են, և սա իհարկե առաջընթաց է»,- նկատեց պատգամավորը:
Ապամոնտաժող բրիգադի անդամ, ՌԱՀՀԿ նախագահ Մանվել Սարգսյանը իր ելույթում նշեց, որ բոլորն էլ հասկանում են, որ խնդիրը այգին չէ և բուտիկները չեն, խնդիրը լրիվ ուրիշ տեղ է. «Հասարակության մի հատված պահանջ է ներկայացրել վերադարձնել իրենց սեփականությունը` հայտարարելով, որ այս սեփականության տերը մենք ենք: Եթե Երևանի հասարակությունը կարողանա այդ սեփականությունը վերադարձնել իրենց, չգիտեմ ինչ կկատարվի ռեժիմի հետ: Մենք կմնանք այստեղ այնքան, մինչև դուք չհասկանաք, որ այս սեփականությունը նման ձևով հնարավոր չէ պահել»:
Ինչևէ, այգին այսօր կարևոր նշանակություն է ձեռք բերել, այն դարձել է ինքնորոշված քաղաքացիական հարթակ, որտեղ հաղթանակը կամ ապամոնտաժումը ոչ մեկ, ոչ էլ երկու օրվա գործ է: Այն պահանջում է համառ և հետևողական երկար աշխատանք, և մնում է չհոգնել այս ամենից:











































