Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը դեռ չի ստացել Սերժ Սարգսյանին հասցեագրած նամակի պատասխանը: Այս մասին Ռաֆիկ Աթայանն ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում: Նա նշեց, որ դարձել է փոստատար, անընդհատ նամակներով դիմում է բարձրաստիճան այրերին, սակայն ոչ մի պատասխան չի ստանում: «Շարունակում եմ պայքարել, ուրիշ ի՞նչ պետք է անեմ, պայքարում եմ Քաջարան գյուղում մեր հողերը պաշտպանելու համար, որում ոչ ոք չի աջակցում»,- մեկնաբանեց Քաջարան գյուղի գյուղապետը` հավելելով, որ մարդիկ հարստանում են, իսկ իրենք կանգնած են իրենց հողերը կորցնելու վտանգի առջև, սակայն երբեք դա թույլ չեն տա:
Հիշեցնենք, որ մարտի առաջին օրերին գյուղապետը բաց նամակով դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2011 թ. ապրիլի 28-ի N627-Ն որոշումը: Ըստ այդ որոշման` Սյունիքի մարզի մի քանի գյուղերի, այդ թվում՝ Քաջարանի գյուղատնտեսական նշանակության հողերը պետք է տրվեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին՝ բաց հանքի շահագործման և թունավոր թափոնների գործող գերեզմանոցների ընդլայնման համար:









































