Ամերիկյան NBC հեռուստաալիքը սեփական հետաքննություն է անցկացնում Today հաղորդման աշխատակիցների դեմ, որում սևամորթ դեռահաս Թրեյվոն Մարտինին սպանած ոստիկան Ջորջ Ցիմերմանը չհիմնավորված կերպով ներկայացվել է որպես ռասիստ: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը:
Մարտի 27-ին հեռուստաընկերության եթերով ցուցադրված Today հաղորդման մեջ ներկայացվել է Ցիմերմանի և ոստիկանության միջև դեպքից մի քանի րոպե առաջ տեղի ունեցած հեռախոսային զրույցը: Ձայնագրության բնօրինակում Ցիմերմանը ոստիկանին ասել է. «Այս երեխայի տեսքը ոչ մի լավ բան չի խոստանում: Նա կա՛մ թմրանյութի ազդեցության տակ է, կա՛մ մեկ այլ բան… Այստեղ ուժեղ անձրև է, իսկ նա քայլում է և անընդհատ շուրջբոլորը նայում»: Ի պատասխան՝ ոստիկանը նրան հարցրել է՝ ինչ ազգության է պատկանում երեխան, իսկ Ցիմերմանը պատասխանել է, որ նա «սև է երևում»: NBC հեռուստաընկերության ցուցադրած հաղորդման մեջ Ցիմերմանի խոսքը կրճատվել է. «Այս երեխայի տեսքը ոչ մի լավ բան չի խոստանում: Նա սև է երևում»: Ոստիկանի հարցը հանված է եղել:
NBC-ի հաղորդումը բողոքի ալիք է բարձրացրել ամերիկյան մեդիա-քննադատների շրջանում։ Նրանք հայտարարել են, որ զրույցը դիտավորյալ կերպով խմբագրվել է այնպես, որպեսզի հեռուստադիտողի մոտ այնպիսի տպավորություն ստեղծվի, թե Ցիմերմանը Մարտինի վրա կրակել է միայն նրա ռասայական պատկանելության համար: Այնուամենայանիվ, այդ ենթադրությունը, չնայած դրա հետ համաձայն է ամերիկացիների մեծ մասը, առայժմ ապացուցված չէ: Դիտավորյալ խմբագրված տարբերակի քննադատությունից հետո NBC-ի աշխատակիցները ներկայացրել են ամբողջական ձայնագրությունը և այն տեղադրել համացանցում: Սակայն հեռուստաալիքը ներողություն չի խնդրել կատարվածի համար և հերքում չի հրապարակել:
17-ամյա Թրեյվոն Մարտինը սպանվել է փետրվարի 26-ին՝ գլխին ստացված կրակոցից: Ցիմերմանը կարծել է, որ նա կասկածելի տեսք ունի, քանի որ գլխին կնգուղ է քաշած եղել և ինչ-որ տեղ է շտապել: Ցիմերմանը նաև հայտարարել է, որ պատանին առաջինն է իր վրա հարձակվել, և ինքը կրակել է ինքնապաշտպանության նկատառումներով: Ոստիկանությունը նման բացատրությունը բավարար է համարել:
Անզեն Մարտինի սպանությունն ազգային սկանդալի տեղիք է տվել ԱՄՆ-ում: Ավելի քան 2 մլն մարդ դիմում են ստորագրել՝ փորձելով հասարակության ուշադրությունը հրավիրել կատարվածի վրա և պահանջելով դատել Ցիմերմանին:








































