Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Վերջինս Ադրբեջան է ժամանել Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակի կապակցությամբ:
Հանդիպման արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն՝ նվիրված երկու երկրների միջև հաստատված դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին : Մամեդյարովը հայտարարել է, որ այդ 20 տարիներին կողմերի միջև ստորագրվել է 165 համատեղ համաձայնագիր, որոնցից 80-ը միջպետական ու միջկառավարական են:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Մամեդյարովը շնորհակալություն է հայտնել այդ հարցում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի ցուցաբերած նախաձեռնությունների համար: Նա հավելել է, որ իրենց դեռ չի հաջողվել լուծել այդ խնդիրը, և որ իրենք հուսով են, որ իրենց կհաջողվի առաջ ընթանալ ստատուս-քվոյից ու հասնել խնդրի կարգավորմանը:
Սերգեյ Լավրովն իր հերթին նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ և այդ հարցում ելնում է տարածաշրջանում բնակվող մարդկանց շահերից: Լավրովը հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է հետագայում նույնպես աջակցել Ղարաբաղյան բանակցային գործընթացին:









































