ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի առողջապահության նախարարությունը երկրում հաջող պայքար է ծավալել ծխելու դեմ: Ելնելով դրանից՝ անհրաժեշտ են համարում սկսել ալկոհոլի դեմ պայքարի կամպանիա: Այսպիսի նախաձեռնություն է ցուցաբերել Թուրքիայի առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղը, որի կարծիքով՝ Թուրքիան հաջող պայքար է մղում ծխելու դեմ:
Աքդաղը հայտարարել է. «Ժամանակին գոյություն ուներ այսպիսի արտահայտություն. «Ծխել՝ ինչպես թուրքը», ինչը ներկայումս փոխարինվել է «Ծխելու դեմ պայքարել՝ ինչպես թուրքը» արտահայտությամբ: Մենք ընդունել ենք շատ կարևոր օրենք՝ ծխելն արգելելով փակ վայրերում:
Այդ օրենքն ուժի մեջ է մտել երկու տարի առաջ և զգալիորեն փոխել է շատ թուրքերի սովորական կենսակերպը: Նախկինում սրճարաններում ու ռեստորաններում և անգամ աշխատավայրերում կարելի էր ծխել՝ ռիսկի անելով միայն վիճաբանել չծխող գործընկերների հետ:
Այժմ օդի ազատ շրջանառություն չունեցող հիմնարկները, ինչպես նաև տաքսիները հայտարարվել են անծուխ գոտիներ, իսկ օրինախախտները պատժվում են մոտ 40 դոլար տուգանքով: Ռեստորաններում վերացել են ծխելու համար նախատեսված գոտիները, դրանց այցելուները ստիպված են ծխել կամ բաց պատշգամբում, կամ էլ փողոցում:
Այս արգելքը չի վերաբերում մասնավոր գրասենյակներին, սակայն նրանցից շատերը որոշել են միանալ նոր կանոններին: Մենք մտադիր ենք ավելացնել չսահմանված վայրերում ծխելու համար նախատեսված տուգանքի չափը և զբաղվել ալկոհոլի գործածման խնդրով: Համայն աշխարհում հասունացել է ալկոհոլի դեմ պայքարելու հարցը:
Հնարավոր է՝ Թուրքիայում իրավիճակն այլ է: Եվրոպայի հետ համեմատած՝ մեզ մոտ ավելի քիչ են գործածում սպիրտային խմիչքներ, սակայն նրանք, ովքեր գործածում են դրանք, մեծ վնաս են հասցնում իրենց առողջությանը: Առաջին հերթին այս հարցում պետք է ակտիվություն դրսևորի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Եթե ծխախոտը հանդիսանում է թոքերի քաղցկեղի առաջացման պատճառ, ապա ալկոհոլն առաջացնում է լյարդի քաղցկեղ և այլ հիվանդություններ: Աշխարհի բոլոր երկրները պետք է ստորագրեն ալկոհոլային արտադրանքի վերահսկման համաձայանգիր և ակտիվորեն բնակչությանն իրազեկեն ծխախոտի ու ալկոհոլի հասցրած վնասների մասին»:










































