Վերջին շրջանում սուր քննադատության արժանացած երիտասարդ գրող Հովհաննես Իշխանյանի «Ուվալնյատի օրը» պատմվածքի վերաբերյալ բացասական գնահատականները շարունակվում են: Իրենց կարծիքն էին հայտնել նաև «Բանակում ծառայած երիտասարդներ» նախաձեռնությունը:
Նախաձեռնության անդամները գիրքը համարում են մեծ խայտառակություն և խեղկատակություն ինչպես Հայոց փառապանծ բանակում ծառայած հայորդու, այնպես էլ ապագա գրողի համար: Ըստ նրանց` զինվորը ներկայացվում է որպես անողնաշար ու անաստված, որը երկու երջանիկ օր ունի՝ սեքսի և զորացրման:
Արձագանքելով վերոնշյալ մեջբերմանը` երիտասարդ գրող Հովհաննես Իշխանյանն «Առաջին լրատվական»-ին ասաց, որ պատմվածքում այդպես չի եղել, եղել է. «Տղայի ամենաերջանիկ օրը առաջին սեքսի ու ուվալնյատի օրն է»: «Իսկ մնացած գնահատականներին և որակումներին առանձնապես չեմ ցանկանում անդրադառնալ, դա իրենց գործն է: Ամեն մարդ գիրքն իր ձևով է կարդում, և եթե նախաձեռնության անդամները գիրքը կարդացել և նման կերպ են ընկալել, իրենց գործն է»,- նշեց Հովհաննես Իշխանյանը` հավելելով, որ ասել է և կասի, որ պատմվածք գրելիս որևէ կոնկրետ նպատակ չի ունեցել, պարզապես գրել է:
Հիշեցնենք, որ երիտասարդ գրողը հարցաքննվել էր նաև ռազմական ոստիկանությունում, ապա ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում: Կառույցներում հետաքրքրվել են գրքի հերոսների իրական նախատիպերից, սակայն հեղինակը ստեղծել է իր աշխարհը:










































