Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում ապրիլի 7-9-ը տեղի կունանա սննդի «էքսպո» ցուցահանդես, որը «Համահայկական էքսպո 2012»-ի մի մասն է կազմում: Էքսպոն ամբողջությաբ սննդի թեմայով է, ցուցադրվելու է հայրենական արտադրողների արտադրանքը: Ցուցահանդեսի անցկացնելու վայրը զայրույթ է առաջացրել մշակույթի գործիչների շրջանում:
Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս հարցի շուրջ բանավիճեցին գրող Մերուժան Տեր-Գուլանյանը, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը և «Մշակույթ» ՀԿ-ի նախագահ Անի Զախարյանը: Վերջինիս խոսքերով` կան մշակութային այնպիսի վայրեր, որոնց նմանատիպ ցուցադրություններն ուղղակի հարիր չեն. «Նման արժեքները, ինչպիսին համերգասրահն է, մշակույթի հետ կապ չունեցող ցուցադրությունների համար օգտագործել չի կարելի: Դա նշանակում է ծաղրել արվեստը»:
Ռուզաննա Սիրունյանն ասաց, որ օգտագործվելու է միայն համերգասրահի ճեմասրահը, սնունդը ցուցադրվելու է պաստառների և հոլովակների միջոցով, իսկ ստացված գումարը ծախսվելու է զուտ համերգասրահի խնդիրները հոգալու համար. «Այնտեղ ոչ մի սնունդ չի լինելու, դա նշված է նաև պայմանագրում, որը ես կնքել եմ business.am-ի հետ: Երբ որ պետք է կնքեի պայմանագիրը, ոչ ոք չեկավ բանակցային սեղանի շուրջ, իսկ հիմա եկել, ասում եք սխալ եմ անում»: Տնօրենը նշեց նաև, որ եթե իմանար` նման բուռն քննարկման կարժանանա հարցը, չէր ստորագրի որևէ պայմանագիր:
Գրող Մերուժան Տեր-Գուլանյանն իր խոսքում ասաց, որ սնունդն էլ է մշակույթ, բայց չպետք է խառնել նյութական մշակույթը հոգևորի հետ. «Իհարկե, հիանալի սննդի մշակույթ ունենք, բայց կարող ենք դրա ցուցադրության համար ճիշտ տեղ գտնել: Ոչ ոքի մտքով չի անցնի հաց ու երշիկ ուտելով դասական համերգի գնալ»:
Ըստ գրողի` այսօր նյութականը բոլորիս ուտում է։ Նա կոչ արեց մշակույթի վայրերում այդպիսի «էքսպոներ» չանել:








































