Այսօր «Կոնգրես» հյուրանոցում լրատվամիջոցների ներկայացուցիչների համար մեկնարկեց ընտրությունների ճշգրիտ և հավասար լուսաբանմանը նվիրված երկօրյա դասընթացը: Այն կազմակերպել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ:
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանը բացման խոսքում նշեց. «Կլոր սեղանի նպատակն է բարձրացնել լրագրողների իրազեկությունը ընտրական գործընթացների և խոսքի ազատության միջազգային չափանիշների ոլորտում»: «Այս դասընթացը միտված է նպաստել՝ հասնելու Հայաստանում ազատ և արդար ընտրությունների անցկացմանը»:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոսինը նշեց, որ իր համար մեծ պատիվ է ողջունել այս ուսումնական ծրագիրը: Վերջինս կարևորեց ԶԼՄ-ների դերը ազատ և արդար ընտրությունների անցկացման գործում:
«Ընտրական գործընթացների հավասարակշռված լուսաբանումը շատ կարևոր է ազատ և արդար ընտրությունների անցկացման համար: Մենք հույս ունենք, որ այս դասընթացը լրագրողներին կզինի անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով, որպեսզի կարողանան ապահովել ընտրությունների ճշգրիտ և հավասարակշռված լուսաբանում և դրանով իսկ օգնել ընտրողներին՝ կատարելու ճշգրիտ ընտրություն»:
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան իր ելույթում նշեց, որ ժողովրդավարության հիմքում ընկած են ազատ և արդար ընտրությունները, որի կայացման հարցում նույնպես կարևոր է ԶԼՄ-ների դերը.
«Որպեսզի կուսակցությունները և թեկնածուները կարողանան կարծիքներ հայտնել, իսկ ընտրողներն իրազեկվեն դրանց, գործ ունենք մամուլի հետ, սակայն ժամանակակից հասարակության մեջ անհրաժեշտ են որոշակի սահմանափակումներ հանրության շահերը պաշտպանելու համար»:
Ըստ նրա՝ լրագրողները պետք է զերծ մնան այնպիսի լուսաբանումներից, որոնք պառակտում են ստեղծում, ապա նաև հավելեց, որ ժողովրդավարություն կայացնելը իրականում շատ ավելի երկար գործընթաց է և պետք է այնպես անել, որ ընտրությունների ժամանակ արդեն իրականությունը համապատասխանի հռչակված օրենքներին՝ ոչ միայն տառին, այլև ոգուն:










































