Facebook սոցիալական ցանցում ինտերֆեյսի նոր տարբերակի` Timeline-ի (հայերեն տարբերակում` «Տարեգիրք») անցումն այսօրվանից պարտադիր է դարձել ֆեյսբուքյան բոլոր էջերի (Facebook Page) և ոչ թե անհատների պրոֆիլների համար: Թե ինչ առավելություններ, առանձնահատկություններ ունի Մարկ Ցուկերբերգի այս նորամուծությունը, «Առաջին լրատվական»-ը զրուցեց համացանցային մարքեթինգի մասնագետ, 2007-ից ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր Էդգար Առաքելյանի հետ:
«Առանձնահատկություններից գլխավորն այն է, որ այն ամենը, ինչ նախկինում տեղադրվել էր էջին, այժմ հնարավոր է ըստ ամիսների և օրերի գտնել: Նախկինում ակտիվությունների ընդհանուր հոսք էր, և պետք է անընդհատ հետ գնայիր, ինչն անհարմար էր, և օրինակ՝ 1 տարի առաջ մարտի 21-ին տեղադրվածը շատ դժվար էր գտնել»,- ասաց նա:
Է. Առաքելյանի խոսքով՝ փոխվել է հատկապես էջի կողմից տեղադրվող մուլտիմեդիա բովանդակության՝ լուսանկարների ու տեսանյութերի դասավորման կարգը. այժմ դրանք հնարավոր է տեսնել մեծ չափերով, շարժել դեպի վեր, լայնացնել` ցույց տալով ամբողջ էջի լայնքով:
Բացի այդ, եթե նախկինում, կախված կարգավորումներից, էջի պատին կարող էին հավասար իրավունքներով երևալ թե՛ էջի կառավարիչների, թե՛ շարքային մասնակիցների տեղադրած գրառումները (հիշենք թեկուզ Կարեն Կարապետյանի էջը), ապա այժմ տեսանելի են միայն էջի կառավարիչների հրապարակումները, իսկ մյուսներինը երևում են մի փոքր բլոկում (որը նույնպես հնարավոր է թաքցնել), և շատերը կարող են դա անգամ չնկատել: Այսինքն՝ փոխվում է այդ գրառումների արդյունավետությունը:
Փոխարենը, ըստ Է. Առաքելյանի, մեծացել են էջի և դրա մասնակիցների միջև հաղորդակցության հնարավորությունները: Առաջ էջի հետ հաղորդակցվելու համար միայն կարելի էր էջի պատի վրա գրառում անել, իսկ եթե պատը փակ էր դրա համար, ապա ոչ մի տարբերակով հնարավոր չէր կապ հաստատել էջի հետ: Հիմա հնարավոր է էջին անձնական նամակներ ուղարկել և պատասխան ստանալ հենց էջի անունից, ոչ թե դրա կառավարչի:
Վիզուալ տեսանկյունից փոփոխությունն այն է, որ այժմ կարելի է ունենալ 2 նկար՝ փոքր, որը երևում է լրահոսում, և մեծ՝ վերևի լայն նկարը, որը լրացուցիչ հնարավորություն է տալիս ներկայացնելու կայքը, բիզնեսը, աստղին և այլն:
Հարցին՝ արդյո՞ք Facebook-ի այս նոր տարբերակն ավելի հարմարավետ է, Է. Առաքելյանը պատասխանեց. «Արդեն մոտ 5 տարի է` օգտվում եմ Facebook-ից, և այս ընթացքում առնվազն 2 տասնյակ խոշոր փոփոխություններ են եղել, որոնց շուրջ կեսը հարուցել են օգտատերերի դժգոհությունը, սակայն ժամանակի ընթացքում շատ արագ այդ դժգոհությունները մոռացվել են, և բոլորը համոզվել են, որ Ցուկերբերգի գրեթե բոլոր որոշումները ճիշտ են և ավելի հարմար: Այնպես որ, վստահ եմ, որ անկախ կարծիքներից` բոլորը կհաշտվեն և առավելություններ կգտնեն այս նոր տարբերակում»:
Մասնագետը նշեց, որ գովազդի տեղադրման տեսանկյունից հնարավորությունները սոցցանցում չեն մեծացել: Նրա խոսքով՝ փորձարկվում էր մի տարբերակ. կախված համակրանքներից (like), ընդհանուր լրահոսում պետք է սկսեին երևալ նաև այն էջերի գրառումները, որոնց օգտատերը չէր միացել, սակայն դա այս պահին դեռ չի գործարկվել և դեռ փորձարկման փուլում է:
Է.Առաքելյանը նաև նշեց, որ օգտատերերի անձնական էջերի Timeline-ի պարտադիր կարգով անցնելու մասին դեռ հայտարարված չէ, սակայն, իր կարծիքով, ժամանակի ընթացքում դրանք նույնպես կտեղափոխվեն նոր տարբերակ:









































