«Առաջին լրատվական»-ը տեղեկացրել էր, որ երեկ՝ ժամը 13-ի սահմաններում Գյումրիում 2 խումբ երիտասարդների միջև ծեծկռտուք է եղել քաղաքի Մսի կոմբինատ թաղամասում: Թիվ 34 ընտրատարածքի հետ կապված վիճաբանության գլխավոր դերակատարների անունների թվում շրջանառվում է ոմն «Շեկոյի» անունը` ԲՀԿ-ական թեկնածու Մարտուն Գրիգորյանի շրջապատից և Հանրապետական «Տանկի» անունը` քաղաքապետի որդու` Սպարտակ Ղուկասյանի ընկերական շրջապատից:
Այսօր ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր` Սերոբ Գրիգորյանի հիշատակին նվիրված պատանիների ըմբշամարտի համար Գյումրի ժամանած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից «ԳԱԼԱ»-ի լրագրողը հետաքրքրվել է վիճաբանության մասին:
ԲՀԿ առաջնորդը պատասխանել է. «Ի՞նչ կրակոց, դու գիտե՞ս այդպիսի բան, տեսե՞լ ես, բա՞ որ չես տեսել, էդպիսի հերյուրանքներին ո՞նց եք հավատում: Ոստիկանությունը էդպիսի փաստ ա՞ ասում, դե գնացեք, ոստիկանությունից ճշտեք: Մենք այսօր էստեղ զբաղվում ենք մեր միջոցառմամբ, խաղաղ, տեղը տեղին պատրաստվում ենք քարոզարշավին: Հերյուրանքներին չենք լսում, չենք էլ հավատում»:










































