Սեուլի Օլիմպիական մարզադաշտում կայանալիք երգչուհի Լեդի Գագայի համերգին կարող են ներկա լինել միայն 18 տարեկանից բարձր կորեացիները: Այսպիսի որոշում է կայացրել Կորեայի Հանրապետության կառավարությունը, որի կարծիքով՝ սպասվող շոուն «անհամապատասխան է» անչափահասների համար:
Համերգը նախատեսվում է ապրիլի 27-ին: Սեուլից Լեդի Գագան կմեկնի Ճապոնիա, Սինգապուր և Նոր Զելանդիա: Ընդ որում՝ Հարավային Կորեան միակ երկիրն է, որը սահմանափակել է երիտասարդների ներկայությունը համերգին:
Երկրի իշխանություններն այսպիսի որոշում են կայացրել այն բանից հետո, երբ մի շարք պահպանողական ոչ կառավարական կազմակերպություններ և քրիստոնեական խմբեր պահանջել են ընդհանրապես չեղյալ համարել համերգը: Նրանք կարծում են, որ երգչուհին սադրում է երիտասարդներին իր շոուի՝ կրոնական գործիչներին ծաղրելու կամ միասեռականության հետ կապված տարրերով:
Իշխանությունների որոշումը մի շարք քննադատությունների տեղիք է տվել: «Մենք ապրում ենք 2012թ., և հանդիսատեսի որոշելու հարցն է ՝ ինչ դիտել և ինչ՝ ոչ: Այս գործում մեր երիտասարդությունը կառավարության խորհուրդների կարիքը չունի»,- ասել է ակտիվիստներից մեկը:









































