«Գոյություն ունի երեք Հայաստան՝ դիմադիր, ընդդիմադիր թևերի ներկայացրած և իրական»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը։
Ըստ նրա՝ ներկա քաղաքական գործիչներից ով կարողանա ներկայացնել իրական Հայաստանը, նա էլ ընտրություններում կհաջողի. «Հայաստանում ամեն ինչ կամ շատ սև է ներկայացվում, կամ շատ սպիտակ»։
Գ. Իսագուլյանի համոզմամբ՝ իրական Հայաստանն այն է, որում մենք ապրում ենք: Ըստ նրա՝ շուտով առիթ կունենանք և կծանոթանանք կուսակցությունների ծրագրերին, և ըստ այդմ էլ պարզ կլինի, թե որ Հայաստանում ենք ապրում:
Անդրադառնալով գալիք ընտրություններին՝ Գ. Իսագուլյանը համոզմունք հայտնեց, որ այս ընտրություններն իրենց որակով և նշանակությամբ շատ ավելի կարևոր են լինելու, քան նախորդները, որովհետև Մարտի 1-ից հետո այս ընտրությունների վրա ուշադրությունն ավելի մեծ է:
Քանի որ խորհրդարանական ընտրություններին հաջորդելու են նախագահական ընտրությունները, Գ. Իսագուլյանը կարևորում է հետընտրական շրջանի գործընթացները: Բանախոսը կարևորեց նաև լրատվամիջոցների աշխատանքը, նրանց դերը քաղաքական կուսակցությունների ծրագրերը ներկայացնելու գործում:
Իսագուլյանի կարծիքով՝ ՀՀԿ-ն ամենաշատ լծակներ ունեցող կուսակցությունն է, ԲՀԿ-ն նույնպես տիրապետում է լծակների, իսկ ՀՅԴ-ն ունի երկար տարիների փորձ:









































