Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանից վերադարձած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին: Նրանցից մեկն Էրդողանին խնդրել է մեկնաբանել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ հանդիպման հետաձգումը:
Հիշեցնենք, որ այդ հանդիպումը պլանավորված էր մարտի 28-ին, սակայն տեղի ունեցավ մարտի 29-ին: Որպես դրա պատճառ էր նշվում Ահմադինեժադի վատառողջ լինելը: Հանդիպման հետաձգումը որոշակի շրջանակներում քննարկումների առարկա էր դարձել, և առաջ էր քաշվել Ահմադինեժադի կողմից դիվանագիտական քայլ կատարելու տարբերակը:
Էրդողանը, սակայն, հերքել է այդ տարբերակը՝ ընդգծելով, որ հանդիպումը չի կայացել Ահմադինեժադի վատառողջ լինելու պատճառով. «Մարդը կարող է հիվանդանալ կամ իրեն վատ զգալ: Հանդիպման հետաձգման մասին խնդրանքը ստացվել է իրանական կողմից: Ճիշտ չէ Իրանի նախագահի հետ հանդիպման հետաձգումը որպես դիվանագիտական քայլ որակելը»:








































