Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը Սաքարիայում հայտարարել է, որ թուրքական առաջին տանկի արտադրման տենդերը հաղթել է Otokar ընկերությունը.
«Թուրքիան մտադիր է մինչև 2017 թվականը սկսել սեփական տանկերի արտադրություն: Թուրքիան մշտապես գնել է այլ երկրների արտադրած տանկերը: Անգամ իր ձեռքի տակ եղած տանկերի արդիականացումը Թուրքիան ստիպված է եղել իրագործել արտասահմանում: Այժմ մենք վճռել ենք, որ Թուրքիան ի վիճակի է արտադրել սեփական տանկեր»:
Ապա Յըլմազը սկսել է դժգոհել Թուրքիայի հարևան երկրներում տիրող անկայունությունից. «Մենք դժվար աշխարհագրական վիճակում ենք: Թուրքիան վերածվել է կայունության կղզու: Եթե հարևան երկրներում տիրում է անհանգիստ վիճակ, ապա դա տարածվում է նաև մեզ վրա: Եթե հարևան երկրներում հրդեհ է բռնկվում, ապա դա ազդում է նաև մեզ վրա:
Մեր հարևաններից մեկը Սիրիան է, որն աշխարհի ամենախնդրահարույց երկրներից մեկն է: Սիրիայի հարցը արդեն դուրս է եկել տարածաշրջանի շրջանակներից: ՄԱԿ ԱԽ-ն երկու ամիսը մեկ անգամ քննարկում է Սիրիայի հարցը: Դրա համար էլ այն վերածվել է միջազգային հնչեղություն ունեցող հարցի:
Մեր մյուս հարևանն Իրաքն է, որտեղից դուրս բերվեցին ամերիկյան զորքերը: Դա լուծե՞ց խնդիրը: Ոչ: Իրաքն առանձին հարց է: Մեր հարևաններից մեկն էլ Ադրբեջանն է, որի տարածքների 1/5-ն օկուպացված է: Ադրբեջանը գտնվում է Հայաստանի հետ պատերազմական վիճակում, խաղաղություն չի պահպանվում: Նա չի կարողանում հետ վերցնել իր հողերը:
Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում որևէ խնդիր չլինի. ո՛չ Իրաքում, ո՛չ Սիրիայում, ո՛չ Իրանում, ո՛չ Ադրբեջանի ու Հայաստանի միջև, ո՛չ Վրաստանում ու տարածաշրջանի մյուս հատվածներում»:











































