Ֆրանսիացի քննիչների այն վարկածը, որ Թուլուզի ահաբեկիչը համախոհ է ունեցել, գնալով ավելի է հաստատվում: Ինչպես հաղորդում է Le Parisien թերթը, հանցագործի եղբայրը՝ կալանքի տակ գտնվող Աբդելկադարը, հարցաքննություններից մեկի ժամանակ խոստովանել է, որ մոտոցիկլետը գողանալիս (հետագայում հացագործությունների իրականացման համար փոխադրամիջոց է ծառայել հենց այդ մոտոցիկլետը) իրենց օգնել է ևս մեկը:
Աբդելկադարի խոսքերով՝ այդ օրը՝ մարտի 6-ին, իրենք երեքով մեքենայի մեջ են եղել: Ինչ-որ պահի Մուհամմադը դուրս է թռել մեքենայից և առևանգել «Յամահա» մակնիշի մոտոցիկլետը:
Երրորդ համախոհի անձը հաստատված չէ: «Աբդելկադարը չի ցանկացել նշել այդ մարդու անունը,- հայտնել է պարբերականի աղբյուրը: – Նա նաև ոչ մի լրացուցիչ մանրամասն չի հայտնել, որը հնարավորություն կտար պարզել հանցակցի ինքնությունը կամ իմանալ՝ որտեղ է: Այժմ այդ մարդուն ակտիվորեն փնտրում են»:








































