ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Չինաստանն աջակցում է Իրանի և «Վեցյակի» (Չինաստան, ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) միջև բանակցությունների վերսկսմանը: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Խուն Լեյը՝ մեկնաբանելով Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի այն հայտարարությունը, թե Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունները կարող են վերսկսվել ապրիլի 13-ին.
«Չինաստանը հանդես է գալիս երկխոսության ու խորհրդակցությունների ճանապարհով Իրանի միջուկային ծրագրի որոշման օգտին: Չինաստանը դրական է գնահատում Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների վերսկսման որոշումը: Իրանի միջուկային ծրագրի հարցը պետք է լուծվի երկխոսության ու խորհրդակցությունների միջոցով: Չինաստանն այդ գործընթացում ներառված մյուս կողմերի հետ համատեղ շարունակում է կառուցողական դեր խաղալ Իրանի միջուկային ծրագրի հարցում»:
Հիշեցնենք, որ «Վեցյակը» 2003 թվականից սկսած՝ ԱԷՄԳ-ի հետ մեկտեղ փորձում է հասնել Իրանում ուրանի հարստացման աշխատանքների դադարեցմանը։ Իրանի և «Վեցյակի» միջև բանակցություններն ընդհատվել են 2009 թվականին, երբ ԱԷՄԳ-ի ղեկավար խորհուրդը Իրանին դատապարտեց ուրանի հարստացման երկրորդ գործարան կառուցելու համար։











































