Սեուլում միջուկային անվտանգության գագաթնաժողովի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին ուղղած Սերժ Սարգսյանի շնորհավորանքը՝ Մինսկի խմբի 20-ամյակի կապակցությամբ, Հայաստանում տարաբնույթ մեկնաբանությունների արժանացավ: Ընդհանրապես, տպավորություն կա, որ Մինսկի խմբի առաքելության մասին Հայաստանի փորձագիտական շրջանակներում իշխող պատկերացումը փոքր-ինչ կտրված է իրականությունից և չի նպաստում Հայաստանում այդ խմբի բուն գործունեությանը համարժեք մթնոլորտի ձևավորմանը:
Ի՞նչ է Մինսկի խումբը ներկայումս, ըստ էության: Զուտ ֆորմալ տեսանկյունից, դա քսան տարի առաջ ստեղծված մի կառույց է, որը հինգ տարի անց հիմնական իր գործառույթով՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի միջնորդական առաքելություն, հիմնականում սահմանափակվեց երեք երկրների՝ համանախագահներ Ֆրանսիայի, ԱՄՆ և Ռուսաստանի շրջանակում: Դրանից հետո՝ 15 տարվա ընթացքում, Մինսկի խումբը բազմաթիվ առաջարկներ ներկայացրեց հակամարտող կողմերին, որոնք տարբեր պատճառաբանություններով և տարբեր կողմերից մերժվեցին:
Միջնորդական այդ ջանքը շարունակվում է, որի ընթացքում մեկ հնչում են լավատեսական նոտաներ, մեկ արձանագրվում է բանակցային գործընթացի սառեցում և դանդաղեցում: Հայաստանի փորձագիտական հանրույթը, Մինսկի խմբի գործունեությունը դիտարկում և գնահատում է հենց այդ համատեքստում: Մինչդեռ դա խմբի գործունեության, այսպես ասած, այսբերգի տեսանելի մասն է միայն, իսկ ջրի տակ առկա է առավել հսկայածավալ աշխատանք, որ խումբը կատարում է գրեթե միշտ՝ եռակողմ համանախագահության ֆորմատով:
Այդ ջրի տակ կատարվող աշխատանքի մասով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, թերևս, հակասության մեջ են մտնում ջրի վրա երևացող իրենց աշխատանքի մասնաբաժնի հետ: Պարզ ասած՝ եթե նրանք ֆորմալ առումով աշխատում են Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ և հայտարարում են խաղաղության համար անհրաժեշտ փոխզիջումների և ստատուս-քվոյի փոփոխության անխուսափելիության մասին, ապա իրականում իրենց բուն գործունեությամբ, որը զգալի մասով կուլիսային է, Մինսկի խմբի համանախագահ եռյակը նպաստում է հենց ստատուս քվոյի պահպանությանը և տարածաշրջանում ուժերի հավասարակշռության ապահովմանը՝ այդ հարցում թեկուզ անցանկալի փոխզիջումների գնալով միմյանց:
Բանն այն է, որ առաքելությունն իր տևական գործունեության ընթացքում թերևս լավագույնս հասկացել է, որ չկա Ղարաբաղի հակամարտության առավել օպտիմալ լուծում, քան այն, ինչ ամրագրվել է պատերազմի արդյունքով: Պարզապես տարածաշրջանում դեռ չկա նաև այդ մասին բացահայտ հայտարարելու բավարար մթնոլորտ, ինչը Մինսկի խմբին ստիպում է գործել հենց այսբերգի մոդելով:
Դժվար է ասել՝ արդյոք Հայաստանի փորձագիտական և քաղաքական հանրույթի զգալի մասն է՞լ է այդ մոդելով գործում, թե՞ ոչ՝ խմբի հանդեպ իր վերաբերմունքի և ընկալումների առումով, բայց, համենայն դեպս, տեսանելի մասով այդ հանրույթը բոլորովին ադեկվատ չէ Մինսկի խմբի բուն գործունեությանն ու առաքելությանը, ինչը մեծ հաշվով կրում է հայաստանամետ բնույթ՝ ոչ թե հակամարտ կողմերի հանդեպ միջնորդների համակրանքի կամ հակակրանքի, այլ շահերի զուգորդման տեսանկյունից: Պարզապես անհրաժեշտ է, որ այդ իրավիճակից պետության համար առավել մեծ դիվիդենտներ քաղելու նպատակով Հայաստանի փորձագիտական և քաղաքական հանրույթը առավել ադեկվատ գնահատի և ընկալի Մինսկի խմբի առավելությունը՝ այդպիսով նաև ճնշում բանեցնելով իշխանության վրա՝ պաշտոնական ադեկվատության ձևավորման համար:







































