Գերմանական մամուլի տեղեկացմամբ՝ Բիլբաոյի «Ատլետիկ»-ի գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան Եվրոպայի Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչի շրջանակներում կայանալիք «Շալկե» – «Ատլետիկ» հանդիպումից առաջ հիացմունքով է խոսել «Շալկե»-ի հարձակվող Ռաուլի մասին` նրան համարելով ֆուտբոլի պատմության մեջ լեգենդար խաղացողներից մեկը:
«Գերմանական ակումբի կազմում հանդես է գալիս մի ֆուտբոլիստ, ով համարվում է ֆուտբոլի պատմության մեջ լավագույն խաղացներից մեկը: Խոսքս իհարկե Ռաուլի մասին է: Մենք պետք է հակառակորդին զրկենք հարձակվողական խաղի հնարավորությունից: Գերմանիայում հանդես գալը մեծ պատիվ է մեզ համար: Այստեղ բոլոր կազմակերպչական հարցերը լուծվում են բարձր մակարդակով», – ասել է Բիելսան:
Հիշեցնենք, որ Ռաուլը «Շալկե» տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»-ից, որի կազմում պաշտոնական խաղերում անցկացրել էր 550 հանդիպում՝ դառնալով 228 գոլի հեղինակ: Ռաուլը համարվում է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությունների պատմության մեջ լավագույն ռմբարկուն՝ խփած 73 գնդակներով:







































