Associated Press-ի փոխանցմամբ՝ Իլինոյսի նախկին նահանգապետ Ռոդ Բլագոևիչի օգնական Ջոն Հարիսը դատապարտվել է 10-օրյա բանտարկության:
Այսպիսի որոշում է կայացրել դաշնային դատավոր Ջեյմս Զեյգելը մարտի 28-ին:
Հարիսը 2008 թ. դեկտեմբերի 9-ին կալանավորվել էր Բլագոևիչի հետ: Նրան կասկածում են կոռուպցիոն նպատակով հանցավոր համաձայնության գալու մեջ: Բլագոևիչը փորձել էր Բարաք Օբամայի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո ԱՄՆ Սենատում թափուր մնացած տեղը վաճառել: Նման դեպքերում նահանգապետը իրավունք ունի անձամբ նշանակել սենատոր, ինչի համար, ինչպես պարզվել է հետաքննության ընթացքում, Բլագոևիչը մտադիր էր ստանալ անօրինական պարգևատրում:
Իր մեղքն ընդունած Հարիսին սպառնում էր մինչև 5 տարվա ազատազրկում, սակայն դատավորը հաշվի է առել այն հանգամանքը, որ նրա վկայությունները օգնել են Բլագոևիչին մեղավոր ճանաչելու հարցում, և բացի այդ՝ նա ի պաշտոնե ստիպված էր ենթարկվել իր ղեկավարին:
Բլագոևիչը 2011 թ. դեկտոմբերի 7-ին դատապարտվել է 14 տարվա ազատազրկման: Նա իր պատիժը կրում է 2012 թ. մարտի կեսից:








































