Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանն արդեն մայիսի 1-ից կարող է իր լիագումար նիստերն անցկացնել Քութայիսում: Դրա հետ կապված՝ պետք է համապատասխան փոփոխությունների ենթարկվի խորհրդարանի կանոնակարգը:
Օրինագծի համաձայն՝ 2012 թվականի մայիսի 1-ից սկսած, խորհրդարանը կարող է իր լիագումար նիստերն անցկացնել ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Քութայիսում: Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ Քութայիսում խորհրդարանի լիագումար նիստերի անցկացումը նախատեսված է միայն հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 7-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, թե Քութայիսում Վրաստանի խորհրդարանի առաջին նիստը տեղի է ունենալու 2012 թվականի մայիսին, սակայն խորհրդարանն ամբողջովին Քութայիս կտեղափոխվի 2012 թվականի հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո։
Դրանից 10 օր անց ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց, որ Թբիլիսիից Քութայիս Վրաստանի խորհրդարանը փոխադրելը և այդ քաղաքը քաղաքական կենտրոնի վերածելը նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հերթական հիմարությունն է։









































