«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՆԳ նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանը:
– Պարոն Աբրահամյան, մարտի 23-ին ոստիկանությունում նիստ էր տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել են կառույցի գործառույթներն ու խնդիրները Ազգային ժողովի ընտրությունների շրջանում: Քննարկման ընթացքում ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նշել էր, որ ոստիկանությունը համագործակցություն է առաջարկում նաև քաղաքական ուժերի նախընտրական շտաբներին՝ նպատակ ունենալով համատեղ ուժերով ապահովել արդար ու թափանցիկ համապետական ընտրություններ: Ըստ Ձեզ` ի՞նչ է սա նշանակում:
– Օբյեկտիվ ընտրություններ անցկացնելու համար առաջին հերթին իշխանության կամքն է անհրաժեշտ: Նման կամքի պարագայում արդեն իրավապահ համակարգը լուրջ անելիքներ ունի: Այսինքն` արդար ընտրություններ անցկացնելու կամքի պարագայում ոստիկանության դերը շատ է կարևորվում, որովհետև վերջին հաշվով վերջին բոլոր ընտրությունների ժամանակ փողոցում, դրսում հրապարակների տերը կրիմինալն էր և մոլեգնում էր համատարած ընտրակաշառքը: Երբ իշխանությունների քաղաքական կամքը կա, ապա ոստիկանության համար դա ընդամենը տեխնիկայի խնդիր է, որովհետև մինչև այժմ կրիմինալն ընտրություններին մասնակցում էր միայն և միայն ոստիկանության համապատասխան կառույցների հրահանգով և ցանկությամբ:
– Գիտենք, որ ոստիկանությունը կոչված է հասարակական կարգը պահպանելու, նմանատիպ առաջարկով հանդես գալը ոստիկանության գործառույթների շրջանակու՞մ է: Ինչպե՞ս եք գնահատում, որ ոստիկանությունը նման առաջարկով է հանդես գալիս:
– Ոստիկանության առջև միայն հասարակական կարգի պահպանումը չի դրված: Ոստիկանությունը պետք է պայքարի ընտրակաշառքի, կոռուպցիոն դրսևորումների, հանցագործության դեմ: Իսկ բոլոր ընտրություններին տեղի են ունենում լցոնումներ, ավտոբուսներով մարդկանց պարտադրում են և տանում ընտրատարածքներ, գումար են բաժանում, սրանք բոլորն ընտրական արդար գործընթացին խանգարող հանգամանքներ են և բոլորը քրեական հետապնդելի արարքներ են: Սրանք վերահսկելը և կանխելը դատախազության և ոստիկանության սուրբ պարտականությունն են, իսկ մինչ այժմ ոստիկաններն ընտրատեղամասերում փակվում էին իրենց մութ անկյունում և թքած ունեին, թե ինչպես են փողոցում և ընտրատեղամասերում «բռնաբարում» ընտրողին: Ոստիկանությունը գործող իշխանության քաղաքական կամքի պարագայում մեծ առաքելություն ունի արդար և նորմալ ընտրությունների կազմակերպման գործում: Ամենակարևորը, որ կարող է անել ոստիկանությունը, քրեական հեղինակություններին ընտրական գործընթացից հեռու պահելը կլինի:
– Ձեր կարծիքով, այս նախաձեռնությունը կյանքի է կոչվելու արդար ընտրություններ անցկացնելու նպատակո՞վ:
– Ես չեմ կարող գուշակել, թե նպատակներն ինչպիսին են: Եթե իմ օրինակով ասեմ, կասեմ, որ 1999 թվականին, երբ ես ներքին գործերի նախարար էի, հայտարարություն արեցի, որ ընտրությունների նորմալ անցկացման պատասխանատվությունը ես ինձ վրա եմ վերցնում իմ գործառույթների չափով, որպես ներքին գործերի նախարար: Բառացիորեն երկու, երեք օր հետո իմ հայտարարությանը հետևեց երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի հայտարարությունը, որ արդար և ազատ ընտրությունների պատասխանատվությունը վերցնում է իր վրա: Այդ պարագայում իմ հոգսը ավելի թեթևացավ, որպես ներքին գործերի նախարար, և 1999 թվականի աշնանը ՏԻՄ ընտրությունները անցան բացառիկ նորմալ պայմաններում: Իհարկե, առաձին խախտումների դեպքեր եղան, բայց խստագույն պատժվեցին օրենքով` քրեական գործեր հարուցվեցին, մարդիկ ձերբակալվեցին և այլն: Այսինքն` իշխանությունը պետք է այդ կամքը դրսևորի և ոչ թե համագործակցության, այլ պատասխանատվությունն իր վրա վերցնելու հայտարարությամբ հանդես գա: Ոստիկանապետը չի կարող որևէ բան անել առանց իշխանության բարի կամքի, նույնիսկ լավագույն ցանկության դեպքում:
– Իսկ վերջին ամիսներին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի աշխատանքային գործունեությունն ինչպե՞ս կգնահատեք:
– Ես սկզբունք ունեմ, որ ոչ իմ նախորդների, ոչ հետնորդների գործունեության վերաբերյալ գնահատականներ չեմ տալիս: Տա Աստված, որ նա կարողանա կրիմինալին սսկացնել ընտրությունների ժամանակ:
– Պարոն Աբրահամյան, լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ԱՄՆ Մարշալի գերմանական հիմնադրամի ավագ գիտաշխատող Փիթեր Սեմնեբին կարծիք էր հայտնել, թե ժամանակն է արդար գնահատական տալ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններին, սակայն դրանք չպետք է դառնան Հայաստանի քաղաքական կյանքի օրակարգի մաս: Դուք ինչպե՞ս եք գնահատում նման տեսակետերը:
– Մարտի 1-ի էջը խարանի նման իշխանությունների ճակատին է խփված: Կողքից ցավ չզգացող մարդու համար, որն ընդամենը եվրոպական չափանիշների դիտորդի կարգավիճակ ունի, մոտեցումը միանգամայն հասկանալի է, քանի որ նա ցավ չի զգում և այս ժողովրդի մեկ մասը չէ, նա իր կաշվի վրա չի զգացել ընտրությունների անարդարությունն ու անբարոյականությունը: Բայց ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ նրանից, եթե մոլի իշխանական ներկայացուցիչ չէ, կհամարի, որ մարտի 1-ի էջը փակված չէ, և դա խարանի նման իշխանությունների ճակատին խփված է:









































