Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի Դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը խոսելով այն մասին, որ շուկայում հայտնվել են կեղծ դեղամիջոցներ, նշեց, որ իրենք այդ մասին ահազանգել են կառավարությանը և հայտնել, որ դա ազգային անվտանգության հարց է։
«Հանդիպումներ ենք ունեցել Ազգային անվտանգության խորհրդի և վարչապետի հետ, բարձր մակարդակներում ենք հնչեցրել այս հարցի կարևորությունը, սակայն փորձագիտական կենտրոնում մեզ հավաստիացրին, որ Հայաստանն այդ առումով անվտանգ է»,- հայտնեց Սամվել Զաքարյանը։
«Այդ դեղամիջոցները բավականին նման են օրիգինալներին։ Դրանք Հայաստանում գրանցված չեն, և պարզ չէ, թե որտեղ են արտադրվել և ում համար»,- հայտնեց Ս. Զաքարյանը։ Վերջինս տեղեկացրեց՝ «Նիկոմեդ» ընկերությունն է հայտնաբերել, որ հայաստանյան շուկայում հայտնվել են դեղամիջոցների կեղծ տարբերակներ, և ահազանգել են այդ մասին:
Սամվել Զաքարյանի հավաստմամբ՝ կեղծ դեղամիջոցների հայտնվելու հիմնական պատճառը օրենսդրական դաշտի փոփոխությունն է, որի պատճառով ավելի է հեշտացել դեղամիջոցների ներմուծումը:
Դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահը մտահոգված է, քանի որ Հայաստանում դեռևս չկան այն կառուցները, որոնք պարտավոր են դեղերի շուկայից դուրս բերել դեղամիջոցների կեղծ տարբերակները, և դրանք, երեկվա տվյալներով, դեռևս վաճառվում են:
Հայաստանյան շուկայում է հայտնվել «Դեգլոբոդնեյո տելո» անվանումով դեղամիջոցը, որի ներդիրը ադրբեջաներեն է: Ի դեպ, դեղամիջոցը արտադրված էր Բելառուսում՝ Ադրբեջանի համար, ինչը նշանակում է՝ կամ Բելառուսից են գնել Ադրբեջանի համար նախատեսված դեղամիջոցներն ու բերել Հայաստան, կամ էլ՝ Ադրբեջանից: Երկու դեպքում էլ խնդիրը կարևոր է, քանի որ դեղամիջոցը հայտնվել է մաքսանենգ ճանապարհով:
Ս. Զաքարյանը ավելացրեց նաև, որ դժվար է տարբերել կեղծ դեղամիջոցները իրականից:





































