Վրացական «Ռեզոնանսի» թերթի փոխանցմամբ՝ դեմոկրատ կոնգրեսական Ջիմ Մաքդերմոտը ԱՄՆ Կոնգրես է մտցրել «2012 թվականին Վրաստանի ժողովրդավարության մասին ակտ» օրինագիծը, որում առաջարկվում է դադարեցնել այդ երկրին հատկացվող ֆինանսավորումը, եթե աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունները չլինեն ժողովրդավարական:
Ըստ այդ առաջարկի՝ եթե ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատի, որ Վրաստանի խորհրդարանական ընտրություններն անցել են անազատ, անարդար և ոչ մրցունակ միջավայրում, ապա ԱՄՆ-ը պետք է 2013 թվականին դադարեցնի Վրաստանի ֆինանսավորումը:
Օրինագծում նշված է, որ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ճնշումներ է բանեցնում ընդդիմության վրա, ինչը մասնավորապես վերաբերում է ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին:
Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդներից Լևան Բերձենիշվիլին հայտարարել էր, թե ներկայումս ԱՄՆ ստուգում է, թե որքան նպատակային են ծախսվել ժողովրդավարական ինստիտուտների զարգացման նպատակով Վրաստանին հատկացված գումարները:










































