Ազգային ժողովի Վերահսկիչ պալատը բազմաթիվ խախտումներ է բացահայտել Կոտայքի մարզի Եղվարդ, Հրազդան և Աբովյան քաղաքներում: Օրերս հրապարակված զեկույցի համաձայն` դրանց ղեկավարությունները պատշաճ կերպով չեն կատարել իրենց պարտականությունները և խտրական վերաբերմունք են դրսևորել հարկատուների հանդեպ:
Ըստ զեկույցի` համայնքների բյուջեների հարկային եկամուտների նախատեսված ցուցանիշների բարձր կատարողականն ապահովվել է ի հաշիվ նախորդ տարիների ապառքների: 2009-2010 թթ. հողի հարկի գծով առաջացել են 150 մլն 863.4 հազ. դրամի ապառքներ, իսկ գույքահարկի գծով` 206 մլն 572.3 հազ. դրամի ապառքներ:
Ստուգված տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հողի հարկի և գույքահարկի բազաներից դուրս են մնացել կազմակերպություններ, որոնց հողի հարկի գումարը կազմում է 5 մլն 691.6 հազ. դրամ, իսկ գույքահարկի գումարը` 18 մլն 122.4 հազ. դրամ:
Նշված համայնքներում հողերի և գույքի օգտագործման տրամադրման գործընթացը իրականացվել է ՀՀ օրենսդրության խախտումներով: Հողօգտագործողների կողմից խախտվել են պայմանագրային պարտավորությունները, որի դիմաց հաշվարկվել և ստուգմամբ արձանագրվել են հողի վարձավճարների վճարման գծով 29 մլն 294.4 հազ. դրամի ապառքի և տույժի գումար, իսկ գույքի վարձակալության պարտքը կազմում էր 4 մլն 115.7 հազ դրամ, որոնք ենթակա են վճարման համայնքների բյուջե:
Խախտելով օրենքը` չի գանձվել 6 մլն 778.0 հազ. դրամի տեղական տուրք:
Աբովյան քաղաքում 7 կազմակերպություններ քաղաքապետարան ներկայացրած հաշվետվությունների մեջ իրենց պատկանող գույքի կադաստրային արժեքը ներկայացրել են պակաս, որի արդյունքում համայնքի բյուջե 2009-2010 թթ. չի հաշվարկվել և չի վճարվել գույքահարկ, որոնց ընդհանուր գումարը տույժերի հետ միասին կազմում է 1 մլն 103.5 հազ. դրամ:
Հրազդան քաղաքում աղբահանության սահմանված վարձավճարներից 2009-2011 թթ. ընթացքում չի գանձվել 11 մլն 406.2 հազ. դրամ գումար:
Հրազդան և Աբովյան քաղաքներում ընտրանքային կարգով ստուգված օբյեկտներում կատարված շինարարական աշխատանքներում արձանագրվել է 36 մլն 493.8 հազ. դրամի խախտում, որից՝ ծավալային հավելագրում` 4 մլն 547.1 հազ. դրամ, անորակ աշխատանքներ` 27 մլն 462.7 հազ. դրամ և 1 մլն 484.1 հազ. դրամի նախահաշվի և պայմանագրի տարբերություն:
ՎՊ-ն զեկույցում առաջարկում է վերացնել խախտումները և փոխհատուցել պատճառված վնասներ:
Հավելենք, որ այսօր ՀՀ կառավարության արտագնա նիստը տեղի կունենա Կոտայքի մարզպետարանում:









































