Նորանշանակ գյուղնախարար, «Արտֆուդի» խորհրդի նախագահ, գործադիր տնօրեն և սեփականատեր Սերգո Կարապետյանը գյուղատնտեսության ոլորտում որպես գերակա ուղղություն համարում է նաև ոչխարաբուծությունը։ Գյուղնախարարության անասնաբուծության և տոհմային գործերի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ գյուղնախարարը հանձնարարել է ոչխարաբուծության ծրագիրը արագ վերջնականապես մշակել, քննարկել Հանրային խորհրդի հետ և ներկայացնել կառավարության հաստատմանը։ «Ոչխարների արտահանմանը զուգահեռ`գյուղացիների եկամուտները կավելանան և գլխաքանակի որոշակի աճ կարձանագրվի, ինչը հնարավորություն կտա նաև չօգտագործվող արոտավայրեր օգտագործել։ Կստանանք նաև էժան արտադրանք`նկատի ունեմ գառ։ Մոտավորապես ոչխարների 30-40 տոկոսը մեր հանրապետությունում չի օգտագործվում, քանի որ հասակին զուգահեռ մեզ մոտ ոչխարի արժեքը նվազում է։ Իսկ որը չենք օգտագործում, կուղարկենք Արաբական Միացյալ Էմիրություններ կամ Իրանի Իսլամական Հանրապետություն»,- ընդգծեց Աշոտ Հովհաննիսյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ Իսրայելից էլ ունենք ոչխարի պահանջարկ, բայց եվրոպական չափանիշներին չենք կարողանում համապատասխանել, դրա համար չեն կարողանում արտահանել։ Մեր այն հարցին,թե ի՞նչ առումով չեն կարողանում համապատասխանել` պատասխանեց. «Նրանք ասում են, որ Եվրամիության սերտիֆիկատ պետք է ունենանք, բայց ցավոք սրտի, մեզ մոտ չկա լաբորատորիա։ Հետևաբար մսի որակը չենք կարող այստեղ ստուգել և Եվրամիության չափորոշիչներին համապատասխան արտահանել։ Սակայն այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են։ Նախարարության հետ համատեղ անասնաբուծության լաբորատորիա կա, և քայլ առ քայլ եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու աշխատանքներ են տարվում։ Հետագայում միգուցե ստանանք նման համարանիշ և էլ ավելի զարգացնենք արտահանումը»:










































