Եվրոպայի պարտքային ճգնաժամի զարգացման մեջ մասամբ մեղավոր են Ֆրանսիան և Գերմանիան: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, այսպիսի հայտարարություն է արել Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին:
«Այս պատմությունը (պարտքային դժվարությունները) սկսվել է 2003թ., երբ եվրոն դեռ միանգամայն «երեխա» էր: Փաստացիորեն բյուջետային դեֆիցիտի և պարտքերի ծավալների նկատմամբ ամենաթողության կողմնակիցները Ֆրանսիան և Գերմանիան էին»,- ասել է վարչապետը: Նրա խոսքերով՝ եթե «եվրոգոտու ծնողները» արհամարհում են օրենքները, չպետք է սպասել, որ դրանց պետք է հետևի, օրինակ, Հունաստանը:
Մոնտին հիշեցրել է, որ 2003թ. հենց Գերմանիան և Ֆրանսիան առաջինը խախտեցին Կայունության և աճի պակտով սահմանված բյուջետային դեֆիցիտի սահմանը՝ 3%-ի չափով: Եվրահանձնաժողովը, որը գլխավորում էր այն ժամանակվա Իտալիայի վարչապետ Ռոմանո Պրոդին (Մոնտին այդ ժամանակ հանձնաժողովի անդամ էր) առաջարկեց տուգանել ԵՄ խոշորագույն տնտեսություններին, սակայն ֆինանսների նախարարները դեմ քվեարկեցին:
Հիշեցնենք, որ 2010թ. մայիսին Աթենքը ստացավ վարկային աջակցության առաջին փաթեթը՝ 110 մլրդ եվրոյի չափով, որը տրամադրեցին Եվրամիությունը և Արժույթի միջազգային հիմնադրամը՝ եվրոգոտում առաջին դեֆոլտից խուսափելու համար: Հետագայում պարզ դարձավ, որ այդ գումարը Հունաստանին չի բավականացնում և վարկատուները որոշեցին օգնության երկրորդ փաթեթն ուղարկել, այս անգամ՝ 130 մլրդ եվրոյի չափով: Բացի այդ, մասնավոր վարկատուները համաձայնեցին ներել Հունաստանի պարտքի մի մասը, որի շնորհիվ 350 միլիարդի հասնող արտաքին պարտքը հաջողվեց կրճատել մինչև 107 մլրդ եվրո:
2011թ. զգալի մեծացել է ճգնաժամի տարածումը եվրոգոտու մի շարք այլ երկրներոմ՝ Իտալիա, Պորտուգալիա, Իսպանիա, Իռլանդիա: Այս բոլոր երկրները հսկայական պարտքեր ունեն Եվրոպային, ընդ որում՝ Իտալիայի պարտքի չափը հասնում է ԵՄ համար ռեկորդային՝ 1.9 տրլն եվրոյի:









































