Սիրիայի կառավարական զորքերն այսօր հարձակում են սկսել երկրի կենտրոնում գտնվող Կալաաթ Ալ-Մադիկ քաղաքի և մերձակա բնակավայրերի վրա:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, այս տարածքի շրջափակումը շարունակվել է ավելի քան 2 շաբաթ, որից հետո կառավարական զորքերն ի վերջո որոշել են հարձակում սկսել: Դրան մասնակցում է մոտ հարյուր զինվորական, կիրառվում է զրահատեխնիկա:
Տեղի ապստամբները, ի տարբերություն երկրի այլ հատվածներում իրենց համախոհների, չեն լքել տարածքը և մարտի մեջ են մտել: Վերջին տեղեկություններով՝ նրանց հաջողվել է կանգնեցնել տանկերի և զրահամեքենաների առաջխաղացումը: Կողմերի կորուստների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում:
Կալաաթ Ալ-Մադիկ քաղաքը գտնվում է Համայի մարզում: Նրա բնակիչները մի քանի ամիս առաջ իրենց անկախ հայտարարեցին Բաշար Ալ-Ասադի իշխանությունից՝ այստեղից վռնդելով նրա բոլոր պաշտոնյաներին և ոստիկաններին:
Վերջին ամիսներին սիրիական բանակը հարձակումներ է իրականացնում ապստամբ քաղաքների վրա՝ ճնշելով ապստամբության օջախները: Առայժմ չի հաջողվում նրանց դիմադրությունը վերջնականապես կոտրել. երեկ ապստամբները կրակ էին բացել Հոմսում գտնվող նախագահի մեքենայի վրա:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի վերջին տվյալներով՝ Սիրիայում մեկ տարուց ավել շարունակվող արյունալի բախումների զոհ է դարձել ավելի քան 8000 մարդ:









































