Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին Սեուլի միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին ակնհայտորեն արհամարել են: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, ինչպես նաև Եվրահանձնաժողովի և եվրախորհրդի ղեկավարներ ժոզե Մանուել Բարոզուի և Հերման վան Ռոմպեյի հետ հանդիպումների ձևաչափը նմանվել է ավելի շուտ պատահաբար հանդիպած ծանոթների ձեռքսեղմման: Այս մասին գրում է Kommersant-Ukraina-ն:
Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ Ուկրաինային տեղյակ էին պահել Յանուկովիչի և Օբամայի միջև կայանալիք բանակցությունների մասին, սակայն Յանուկովիչը ԶԼՄ-ներին հայտնել է, որ քննարկվել է «Չեռնոբիլի ԱԷԿ-ի տարածքում համաշխարհային մակարդակի գիտահետազոտական կենտրոն ստեղծելու մասին Ուկրաինայի նախաձեռնությունը»:
Պարբերականը գրում է, որ միջուկային անվտանգությանը չվերաբերող թեմաներ ընդհանրապես չեն քննարկվել, քանի որ դրա համար պարզապես ժամանակ չի եղել: Թերթի տվյալներով՝ Յանուկովիչի և Օբամայի հանդիպման համար անգամ առանձին սենյակ չի տրամադրվել: Երկու երկրների առաջնորդները զրուցել են կանգնած, իսկ նրանց հանդիպումը, ներառյալ ողջույնի և հրաժեշտի ձեռքսեղմումը, տևել է մոտ 4 րոպե:
Ընդ որում, ԱՄՆ պետքարտուղարության և նախագահի կայքերն ընդհանրապես անհրաժեշտ չեն համարել նշել այդ հանդիպման մասին:
Նույն ձևաչափով են ընթացել նաև Յանուկովիչի հանդիպումները Եվրախորհդի և Եվրահանձնաժողովի նախագահների հետ: Նրանց հանդիպումը տեղի է ունեցել գագաթնաժողովի լիագումար նիստերի դահլիճում՝ ընդմիջումներից մեկի ժամանակ և նույնպես երկար չի տևել:
«Ժամանակը քիչ է եղել… Մենք չենք իրականացրել այն ծրագիրը, որը նախատեսում էիք»,- լրագրողներին խոստովանել է Յանուկովիչը: Նրա խոսքերով՝ ինքը պատրաստվում էր ավելի երկարատև բանակցությույններ վարել ԵԽ ղեկավարության հետ, սակայն ստիպված է եղել փոխել ծրագրերը, որպեսզի հասցնի հանդիպել Օբամայի հետ:
Այնուամենայնիվ, մի շարք փորձագետներ կարծում են, որ Սեուլի գագաթնաժողովը կարելի է անգամ հաջողված համարել Ուկրաինայի համար, քանի որ վերջին շրջանում Տիմոշենկոյի դատավճռից հետո Յանուկովիչը գտնվում էր կիսամեկուսացված վիճակում:










































