Հունվարի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի երգչախումբը հանդես եկավ Մոսկվայի երաժշտության միջազգային տան Սվետլանովսկյան սրահում։ Ն.Ս.Օ. Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Մայր տաճարի երգչախումբը ժամանել էր Մոսկվա` մասնակցելու հոգևոր երաժշտության Ս. Ծննդյան առաջին փառատոնին՝ կազմակերպված Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ի օրհնությամբ:
Մայր Աթոռի երգչախումբը, Ռուբեն Շարբաթյանի գլխավորությամբ, կատարեց հայ միջնադարյան և ժամանակակից հեղինակների հոգևոր երգեր: Հնչեցին Կոմիտասի, Եկմալյանի, Նարեկացու, Ալեքսանդր Հարությունյանի, Օհան Դուրյանի հոգեպարար ստեղծագործությունները, որոնցից յուրաքանչյուրը Տիրոջն ուղղված փառաբանություն է, Տիրոջ գթասրտությանն արժանանալու աղոթք-խնդրանք: Մենակատարներ Սարգիս Թորոսյանի, Կարինե Ավետիսյանի, Առնոլդ Քոչարյանի, Արմինե Օջախյանի կատարմամբ հնչեցին «Տեր Ողորմեա», «Ով զարմանալի», «Սուրբ-Սուրբ», «Հավուն, հավուն», «Գթա, Տեր» երգերը:
Ս. Ծննդյան մոսկովյան փառատոնին մասնակցում են նշանավոր երգչախմբեր աշխարհի տարբեր երկրներից: Փառատոնը կավարտվի հունվարի 23-ին:










































