ՀՀ սպառողական շուկայում պանրի թանկացմանը հաջորդեց կարագի թանկացումը: 1 կգ կարգը թանկացել է միջինը 400 դրամով: Եթե նախկինում կարագի մեկ կգ-ը վաճառվում էր 2100-2500 դրամով, ապա այսօր արդեն 2350-2950 դրամով է վաճառվում: Թանկացումների վերաբերյալ փորձեցինք պարզաբանումներ ստանալ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Նելլի Դանիելյանից: Սակայն նրա խոսքերով, հանձնաժողովը պարզաբանումներ դեռ չի կարող տալ, որովհետեւ իրողությունները նոր են եղել, եւ իրենք տնտեսվարողներին բանավոր հրավիրել են հանձնաժողով` հասկանալու համար, թե ինչ է կատարվում: Իսկ սպառողների իրավունքների պաշտպանության ՀԿ-ի նախագահ Աբգար Եղոյանը նկատեց, որ պանիրն ու կարագը մեր սպառողների սննդի բաղկացուցիչ մասն են կազմում` լրացնելով մեկը մյուսին, հետեւաբար` մեր արտադրողները, օգտվելով պանրի թանկացումից, թանկացրին նաեւ կարագը: