«Հրապարակ»-ը զրուցել է ՀԱԿ անդամ, «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի հետ.
-Պարոն Գիմիշյան, ինչպե՞ս եք գնահատում Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումը մեծամասնական ընտրատարածքներում մեկ ընդդիմադիր թեկնածուի չսատարելու վերաբերյալ:
-Չեմ կարող մեկնաբանել, գիտեք, չեմ կարող և չեմ ուզում, մասնակից չեմ այդ քննարկումներին, վերջերս նիստ է գումարվել, որտեղ մենք՝ ովքեր որ ընդգրկված չեն ՀԱԿ ցուցակում, հրավիրված չենք եղել, հետևաբար չեմ ուզում մեկնաբանել:
-Ձեր գնահատականը, որպես ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդու, ինչպիսի՞ն են:
-Քանի որ իմ քաղաքական երազանքն է շուտ ազատվել այսօրվա ռեժիմից և վերականգնել սահմանադրական կարգը, ապա ցանկացած համագործակցություն ընդդիմության հետ, որը պետք է նպաստի, որ այս ռեժիմից ազատվենք, ես դրական կգնահատեի: Բայց երկկողմանի գործընթաց է, և չեմ կարող հստակ ասել, թե ինչպիսի դիրքորոշում են ունեցել կողմերը, ինչ փաստարկներ են ներկայացվել, ըստ որոնց կկարողանամ գնահատական տալ:
-Ձեր կարծիքով, ՀԱԿ համամասնական ցուցակը, որում այդպես էլ տեղ չգտաք, մրցունա՞կ է, և հնարավո՞ր է արդյոք ներկայացված թիմով Ձեր ասած իշխանափոխությանը հասնել:
-Կարող եմ ասել, որ ՀԱԿ ցուցակը կարող էր շատ ավելի քաղաքական լինել և շատ ավելի ընկալելի հասարակության համար: Բայց քանի որ ես ընդգրկված չեմ այդ ցուցակում, գնահատական տալը մի քիչ կոռեկտ չի լինի: Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք, և չեմ ուզում նորից անդրադառնալ այդ հարցին:
-Ի դեպ, մինչ օրս չեն դադարում խոսակցությունները, որ Դուք հրաժարվեցիք ՀԱԿ ցուցակում ընդգրկվելուց, քանի որ Ձեզ առաջնային և անցողիկ տեղերում չէին ընդգրկել:
-Ով որ այդպիսի բան է ասել, նա իսկական անբարոյական մամայի զավակ է, որովհետև մենք մեր որոշումը շատ ավելի վաղ և հստակ ենք մեկնաբանել, դեռ ցուցակների մասին ընդհանրապես խոսակցություններ չկային, գոյություն չունեին: Խոշոր անբարոյականություն է, ով որ այդպիսի բան է ասում: Ես չեմ ուզում նորից կրկնել, մենք ռազմավարության հետ կապված անհամաձայնություն ունեինք ցուցակի կազմման մեխանիզմի վերաբերյալ, ով որ այլ բան է տարածում, ասում եմ` իսկապես խոշոր անբարոյականություն է տարածում:
-Ձեր անհամաձայնությունն արդարացվա՞ծ եք համարում, համենայնդեպս նկատեցիք, որ ՀԱԿ ցուցակը կարող էր ավելի քաղաքական լինել:
-Գիտեք, դա էլ կարծիք է, տեսակետ, և ցանկացած կարծիք կարող է սուբյեկտիվ լինել: Մենք մեր կարծիքը, դիրքորոշումը քաղաքական խորհրդում ենք ներկայացրել, մենք հետևից չենք խոսացել, մենք բաց ենք այդ գործընթացին մասնակցել: Շատ են տարածվում նաև խոսակցություններ, որ մենք նախագահի դիրքորոշմանը դեմ ենք եղել, մինչդեռ կյանքում ճիշտ հակառակն է տեղի ունեցել: Նախագահը հայտարարել էր, որ ինքը երջանիկ կլինի, որ կուսակցությունները համաձայնության գան, ես որ ամեն ինչ արել եմ, որ կուսակցությունները համաձայնության գան, և կարծես բոլոր կուսակցությունները միավորվեցին, բացի երկուսից` «Այլընտրանք» և ՀՀՇ: Այդ երկուսն են նախագահի դիրքորոշմանը հակառակ գնացել: Ստացվեց այնպես, որ մենք ամեն ինչ արեցինք, որ նախագահի ուզածը լինի, բայց արդյունքում կազմվեց այն ձևի ցուցակ, որտեղ մենք էլ չկանք: Նորմալ է: Ես մնում եմ իմ համոզմունքին, որ ես լավ գործ եմ արել, նպաստել եմ, որ քաղաքական խորհուրդը դառնա իսկական մարմին և միասնական դիրքորոշում ունենա: Ես մնում եմ ՀԱԿ անդամ, հույսս չեմ կորցրել, որ ՀԱԿ-ը ճշգրիտ, ժողովրդի հետ համագործակցված հանդես գալու դեպքում ի վիճակի է ապահովել մեծամասնություն, հաղթանակ տանել և երկրում իրավիճակ փոխել: Քանի ես հույսս չեմ կորցրել և այն դեռևս կապում եմ միայն և միայն ՀԱԿ-ի հետ, շարունակելու եմ մնալ այդ կառույցի բաղկացուցիչ մաս և ամեն ինչ անելու եմ, որ հաջողություն ունենանք` լինի այս ընտրություններին, թե հաջորդ: Ճիշտ է, հույսս ավելի շատ կապում եմ նախագահական ընտրությունների հետ և հույս ունեմ, որ հենց այդտեղ մեզ կհաջողվի առաջնորդին դարձնել նախագահ` երկրում իրավիճակ փոխել և ժողովրդի երազանքը, սպասելիքներն արդարացնել: Բայց տա Աստված, գուցե ավելի շուտ ստացվի, և Աժ ընտրությունների ժամանակ լուրջ հաջողության հասնենք:









































