Օրեր առաջ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորում» նախաձեռնությունը կոչով դիմել էր ԱԺ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին: Կոչում մասնավորապես ասված էր.
«Առաջարկում ենք ձեր նախընտրական և ընդհանուր ծրագրերում ներառել գիտության ֆինանսավորմանն առնչվող հետևյալ կետը.
Գիտությանը հատկացվող ֆինանսավորումը պետք է անհապաղ կազմի Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) առնվազն 1 տոկոսը, հետագայում տարեկան 0.2 տոկոս աճի միտումով»։
Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց ARMACAD գիտական ցանցի նախագահ, «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության անդամ Խաչիկ Գևորգյանը, երիտասարդ գիտնականների կոչին արդեն արձագանքել են երկու կուսակցություն` ՀՅԴ-ն և «Ժառանգությունը»: Ըստ նրա` երկու կուսակցությունները իրենց պատասխանում պատրաստակամություն են հայտնել գիտության ֆինանսավորումը հասցնել 3%-ի:
«Մենք սպասում ենք այլ կուսակցությունների պատասխաններին: Կարծում եմ, եթե մենք ավելի ակտիվ աշխատենք, հնարավոր է արթնացնենք նոր գումարման խորհրդարանի պատգամավորների ուշադրությունը դեպի գիտությունը: Կուսակցությունների նախընտրական ցուցակներում ընդգրկվածների չնչին տոկոսն է, որ հասկանում է, գնահատում է և գիտի, թե որքան անհրաժեշտ է Հայաստանին գիտությունը»,- մեկնաբանեց Խ. Գևորգյանը` ևս մեկ անգամ ընդգծելով, որ եթե հասարակության կողմից պահանջը շարունակական լինի, խորհրդարանի պատգամավորը կհասկանա գիտության ֆինանսավորման ավելացման կարևորությունը:









































